Կկայանա «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը

Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ) տեղի կունենա հայագետ, գերմանագետ, թարգմանիչ Դորա Սաքայանի «Նրանց քշում են անապատները…» գրքի շնորհանդեսը:

Ապրիլ, 1915։ Իրենց պսակադրությունից անմիջապես հետո ճարտարագետ Ֆրից Զիգրիստն ու բուժքույր Կլարա Հիլթին Շվեյցարիայի Վերդենբերգ քաղաքից ուղևորվում են դեպի հարավարևելյան Թուրքիա, որտեղ Ֆրից Զիգրիստը 1910 թ.-ից աշխատում է Բաղդադի երկաթուղու շինարարության վրա:

Նրանց ժամանումից կարճ ժամանակ անց սկսվում են հայերի տեղահանությունները, և հազարավոր հայեր ամեն օր անցնում են նրանց տան մոտով։ Երեք տարի շարունակ ամուսինները տեսնում են «թե ինչպես ներքևում` սեպ ժայռերի միջև` կիրճում, խամրում են ոմանց լույսերը», մինչդեռ նրանք իրենց աշխարհից կտրված բարձրադիր տնակում ապրում են իրենց առօրյայով։ Իսկ երբ ամուսիններն այցելում են Հալեպ քաղաքը, ամեն ինչ պարզ է դառնում. նրանց տեսածն իրականում նախապես ծրագրված մահվան երթեր էին։

Չնայած ԶիգրիստՀիլթիների և եվրոպացի այլ ճարտարագետների դիմադրությանը` շուտով նշված մահվան երթերի մասնակիցներ են դառնում նաև Բաղդադի երկաթուղու շինարարության մեջ ներգրավված բոլոր հայերը։
Կլարան նախ իր օրագրում, ապա նաև ականատեսի իր հատուկ վկայության մեջ արձանագրում է ժամանակի արհավիրքները: Ֆրիցն իր հերթին ավելի ուշ լրացնում է կնոջ գրառումները։ 

Դորա Սաքայանը վերծանել է գոթական ձեռագրով գրված այդ հարյուրամյա փաստաթղթերը, հանգամանորեն մշակել է դրանք և իրողությունները տեղադրել իրենց ժամանակի մեջ։ Ի լրումն այդ ամենի, մեջբերումներ կատարելով Հայկ Արամյանի հայերեն գրքից` հեղինակը ընթերցողին պատմում է, թե ինչպես է Զիգրիստ-Հիլթի զույգը 1916 թ.-ի հունիսին օգնել իրենց պահեստապետ Արամյանին, որ վերջինս իրականացնի իր արկածալից փախուստն ու փրկի իր կյանքը։

Գիրքը հրատարակվել է ԵՊՀ հրատարակչության կողմից:

Դորա Սաքայանը ԵՊՀ պատվավոր դոկտոր է, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ մեդալակիր, Կանադայի ՄակԳիլլ համալսարանի պրոֆեսոր: Արժանացել է Գերմանիայի Դաշնության «Արժանյաց կարգի խաչ» քաղաքացիական բարձրագույն շքանշանի: Հեղինակ է շուրջ տասնյակ գրքերի և գիտական հոդվածների:

Scroll Up