Հաշվետու համերգ Կրասնոդարի «Վարդանյան» կենտրոնում

Կրասնոդարի Հայոց թեմի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնը ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվում ուսումնական տարվա ավարտը ազդարարող հաշվետու համերգներին։ Կենտրոնը ներկայացնող բոլոր երեք օղակներն էլ՝ «Արմատ» դպրոցը, «Նարեկ» համույթը և Եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպությունը, ուժերի գերլարումով հասնում են հրաշալի արդյունքների։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Երազիկ Հարությունյանը, 2016-17 ուսումնական տարվա ավարտը ևս զարդարվեց աշակերտների, ուսուցիչների և ծնողների տոնական հանդեսով։ Ոմանք կազմակերպիչների դերում էին, ոմանք կամավոր օգնականների, ոմանք բեմադրիչի, ձևավորողի կամ խմբավարի, ոմանք էլ՝ ակտիվ հանդիսատեսի, սակայն միջոցառմանը մասնակից էին բոլորն անխտիր։
Ավանդույթի համաձայն՝ հաշվետու համերգը բացվեց տնօրեն Տեր Սարգիս Ավագ քահանա Թաշջյանի բովանդակալից խոսքով։ Նա փաստեց կենտրոնի օր-օրի ընդգծվող դերը Կրասնոդարի հայկական աշխարհում, հայեցի դաստիարակության կարևորությունը ազգային երազանքի տեսլականում և հաշվետու համերգի ասելիքը՝ ծնողներին և կենտրոնի բարեկամներին։
Այնուհետև բեմում սկսեցին միմյանց հաջորդել տարբեր դասարանների և միավորումների ներկայացրած գունագեղ համարները։ Գեղանկարչության «Այվազովսկի» միավորումը, մանկավարժ Սրբուհի Սաֆարյանի հետ, այս անգամ ներկայացավ հանրահայտ «Գտնված երազ» մուլտֆիլմի մոտիվներով արված բեմականացմամբ, երաժշտական անգլերենի «Բայրոն» միավորումը, ուսուցչուհի Մարգարիտա Վարդանյանի օգնությամբ, բեմ հանեց հերթական մյուզիքլը, իսկ հայկական ժողովրդական գործիքների նոր ձևավորվող միավորումը հանդիսատեսին ոգևորեց պատանի դհոլահարների ռիթմիկ նվագով։
Հայոց լեզվի և հայրենագիտության ուսուցման «Փոքր Մհեր» «Իմ աշխարհը», «Խաչքար» և «Ուրարտու» դասարաններն ուսուցիչներ՝ Երազիկ Կարապետյանի, Կարինե Կատանյանի, Արշալույս Երեմյանի և Մեքսիդա Հովհաննիսյանի ջանքերով բեմադրել էին «Մի կաթիլ մեղր», «Բարեկենդան», «Իրիկուն» և «Յոթ երգ Հայաստանի մասին» ներկայացումները։ Փոքրիկ դերասանները ամենայն լրջությամբ և բնական անմիջականությամբ էին կատարում իրենց դերերը, հիացնում ու զարմացնում հանդիսատեսին։
Հայ եկեղեցու պատմության խմբակի սաները, մանկավարժ Գոհար Մխիթարյանի պատվերով, իրենց հրեշտակային, թոթովախոս անմեղությամբ Աստվածաշնչյան պատվիրանները ևս մեկ անգամ հուշեցին բոլորին, իսկ հայ ժողովրդական վոկալի «Կոմիտաս» ստուդիան, հրաշալի մասնագետ Ինեսսա Կոծինյանի ղեկավարությամբ, բոլորի լսելիքը շոյեց մանուկների ներդաշնակ, ախորժալուր կատարումներով։
«Նարեկ» համույթի երեխաները գոհացրին դահլիճին և ղեկավար Ամալյա Մոսինյանին՝ իրենց նորաշունչ «Հայերեն երգենք», «Պապերի պարով», Ծաղկի ձևավորման ստուդիան՝ վարպետ Վալենտինա Մուրադյանի խորհրդատվությամբ, հանդիսատեսին մասնակից արեց ծաղիկների միջոցով գեղեցիկի արարման պրոցեսին, իսկ «Մեծ Մհեր» դասարանը, ավագի իրավունքով, համերգը փակեց «Գարեգին Նժդեհ» խմբի՝ իրենց դասարանի և ուսուցիչ Երազիկ Կարապետյանի մասին նկարահանած հուզիչ տեսանյութով։
Միջոցառումների կազմակերպիչ և դաստիարակ Կարինե Եղիկյանը, տեխնիկական ռեժիսոր Լուսինե Բայաթյանը, հաղորդավարներ Անի Միրումյանը և Տիգրան Հովհաննիսյանը ջանացել էին այս ամենը միավորել գաղափարական հենքով, որը նախ հնչեց 4-ամյա Անժելիկայի «Արի՜ հայկական դպրոց» կանչով, ընթացքում բացվեց մանուկների «Կա մի բարձրի՜կ Հայաստան» մեղեդիով, զարգացավ ամենակրտսեր մասնակիցների «Մենք պատերազմ չե՛նք ուզում» աղերսով և ավարտվեց երիտասարդների հայկական աշխարհին նվիրվածության խոստումներով։
Ավարտվում է ևս մեկ ուսումնական տարի, «Վարդանյան» կենտրոնի ուսուցիչներն ու աշակերտները չեն վերջակետում անելիքը, այլ նշում են մի խոստումալից բազմակետ՝ առավել մեծ գործերի սպասումով։