«Արի տուն-2017». Բիշքեկաբնակ Ռիման տպավորված է հայկական եկեղեցիներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/Արի-տուն1.jpg)
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ՝ 18-ամյա Ռիմա Սահակյանը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկից է եկել մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Առաջին անգամ է լինում Հայաստանում: Դեռ անցյալ տարի էր որոշել ընկերուհու հետ մասնակցել ծրագրին, սակայն որոշակի խնդիրների պատճառով չէր ստացվել: Ռիման լիահույս է, որ «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ հնարավորություն կունենա նոր ընկերներ ձեռք բերել, բազմաբնույթ տեղեկություններ ստանալ իր Հայրենիքի մասին, այցելել բոլոր այն տեսարժան, պատմամշակութային վայրերը, որոնք տեսել է միայն համացանցի միջոցով:
Դպրոցն ավարտելուց հետո Ռիման ընդունվել է Բիշքեկի տուրիզմի ակադեմիա, զբաղվում է արևելյան մարտարվեստով: Հաճախել է նաև խոհարարության և վարսավիրության դասընթացների:
Ճիշտ է՝ փոքր-ինչ դժվարությամբ է հայերեն խոսում, բայց չի ընկճվում: Գիտակցում է՝ օտար միջավայրում ապրելով՝ պետք է հավատարիմ մնա սեփական լեզվին և չկորցնի ինքնությունը: Այս հարցում շատ է նպաստում ընտանիքը: Իրենց տանը միշտ հայկական մթնոլորտն է տիրում, նշում են հայկական բոլոր տոները, որոնց ժամանակ սեղանը զարդարում են մայրիկի պատրաստած ավանդական ուտեստները:
Համայնքային կյանքում ներգրաված լինելով՝ հաճախել է հայոց լեզվի դասընթացների, մասնակցել տարբեր ազգապահպան միջոցառումների, որոնք մինչև այժմ ջերմ տպավորություններով է հիշում:
Ռիման շատ է կարևորում հայ ընկերների դերն իր կյանքում: Նրանց հետ անկեղծ հարաբերություններ ունի, հաճախ են զբոսանքի դուրս գալիս՝ խոսելով իրենց ապագային առնչվող տարբեր թեմաների շուրջ:
Արդեն երկու շաբաթ է`մեր զրուցակիցը վայելում է Հայաստանի տաք արևը, ազգականների ուղեկցությամբ տարբեր վայրեր է այցելել: Ամենից շատ հավանել է հնամենի եկեղեցիները:
Հարցին, թե առաջին անգամ լինելով Հայաստանում՝ ի՞նչ տպավորություն է հասցրել ունենալ՝ Ռիման պատասխանեց. «Հայաստանն աննկարագրելի գեղեցկություն ունի, շատ եմ սիրել իմ Հայրենիքը»:
Գևորգ Չիչյան