Տեղի ունեցավ հանդիպում Հունահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Կոմիտաս արք. Օհանյանի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/IMG_7268-1.jpg)
Հուլիսի 15-ին Հունահայոց թեմի առաջնորդ կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Կոմիտաս արք. Օհանյանը այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն:
Ողջունելով հյուրին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Տեր Կոմիտասի մատուցած հոգեւոր ծառայությունները Սփյուռքում: «Մարդ, որ ծնվել է մեզ համար հոգատարության, սիրո, ջերմության կենտրոն համարվող Սիրիայում, ապա մեկնել Լիբանան և ուսանել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում, լինելով տաղանդավոր անձնավորություն, զբաղվել է նաև երաժշտությամբ, սովորել է Լիբանանի եվրոպական երաժշտության կոնսերվատորիայում, ապա մասնագիտացել եկեղեցական ծիսագիտության և եկեղեցական ճարտարապետության մեջ, ստացել համալսարանական կրթության դոկտորի աստիճան: Համառոտ այսպես կարող եմ ներկայացնել Գերաշնորհ Տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին: Սակայն նախևառաջ նա մտքի և հոգու մարդ է, ով ստանձնել է մարդկանց ծառայելու մեծագույն առաքելությունը, և ուր էլ տարել են ճանապարհները, ամենուր հարգանք ու սեր է վայելել», – ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը ընդգծեց նաև, որ Գերաշնորհ Տեր Կոմիտասը, 1997 – 2005 թթ. և 2012 – 2016թթ. ծառայելով որպես Վենեսուելահայոց հոգևոր տեսուչ, շունչ ու հոգի է հաղորդել վենեսուելահայ համայնքին, իր ներդրումն ունեցել Վենեսուելայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Այսօր լինելով Հունահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Գերաշնորհ Տեր Կոմիտաս արք. Օհանյանը ավելի ծաղկուն է դարձնում հունահայ համայնքը, ստեղծված դժվարին իրավիճակներում հավատ է ներշնչում, հույս տալիս մեր հայրենակիցներին, նպաստում է հայապահպանությանը, ազգային ինքնության գիտակցմանը»,-նշեց նախարարը:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Գերաշնորհ Տեր Կոմիտաս արք. Օհանյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
«Հայր Կոմիտասը պետք է պարգևատրվի Կոմիտաս մեդալով, քանզի Կոմիտասը եղել է մեր մտքի արքան, մեր հպարտությունը, մեր ազգի ինքնության խորհրդանիշը: Տպավորություն է, որ այսօր այստեղ հանդիպեցին Հայր Կոմիտասն ու Կոմիտաս վարդապետը»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Հունահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ պարգեւի համար: «Առաջին հերթին իմ սրտագին շնորհակալությունն եմ ուզում հայտնել այս ազնիվ և անմոռանալի գնահատականի համար: Հայաստանյան իրականության մեջ Սփյուռքի նախարարությունը այն ոգեղեն կամուրջն է, սրտի մի հզոր երակ, որ Հայաստանից դեպի Սփյուռք և Սփյուռքից Հայաստան հոսքերն է ապահովում: Հայաստան-Սփյուռք կապերն այսօր շատ են կենսունակ, և դա շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի, ում համար այս աշխատանքը զուտ աշխատանք և պարտականություն չէ, այլ սրտի և հոգու մղում»,- ասաց Գերաշնորհ Տեր Կոմիտաս արք. Օհանյանը:
Հանդիպման վերջում Տեր Կոմիտասը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին նվիրեց սրբապատկեր: