«Պետք է զարգացնենք մեր երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունները». Սփյուռքի նախարար

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ուիլոուբիի քաղաքապետ Գեյլ Ջայլս-Գիդնեյին, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր  Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին և թեմական խորհրդի փոխնախագահ, Փոքրամասնության գործերի պետական հանձնաժողովի ատենապետ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանին:

Ուիլոուբի քաղաքը, որի քաղաքապետն է Գեյլ Ջայլս-Գիդնեյը, ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում քույրացել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետ: Տիկին Ջայլս-Գիդնեյը ընտրվել է Ուիլոուբիի քաղաքապետ 2014թ. ապրիլի 12-ին: Նա 150 տարվա պատմություն ունեցող Ուիլոուբի քաղաքի 50-րդ քաղաքապետն է:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-ավստրալական բարեկամական կապերի զարգացումը: Նա մասնավորապես նշեց. «Տպավորված եմ Ավստրալիայի կառավարության և տեղական մարմինների ջանքերով, ինչի շնորհիվ մեր հայրենակիցները երկրի լավագույն քաղաքացիներ են, բայց շարունակում են հավատարիմ մնալ իրենց արմատներին, պահպանում են ինքնությունը, հավատը, լեզուն, մշակույթը, ավանդույթները: Պետք է զարգացնենք մեր երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունները, ինչը դուք արդեն անում եք որպես քույր քաղաք»:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Քննարկվեցին համագործակցության շրջանակները և ուղղությունները:

Scroll Up