Երգչուհի Դալիթան արժանացել է «Young Miss European Beauty-2017» տիտղոսին
Մայիսի 28-ից հունիսի 2-ը Մալթայում մեկնարկել էր «International Folk Festival»-ը, որտեղ Հայաստանից որպես հատուկ հյուր էր ներկայացել երգչուհի Դալիթան: Փառատոնին մասնակցում էին իրենց երկրի մշակույթը ներկայացնող տարբեր երկրներների ներկայացուցիչներ:
Դալիթան կատարել է հայկական ֆոլկ-մոդեռն երկու երգ՝ «Մենք ենք, սարերը մեր» (Ինգա և Անուշ Արշակյաններ), «Հու-հա» (Սիրուշո), ռուսերենով երեք երգ, որոնցից մեկը՝ Առնո Բաբաջանյանի երգը, և երկու անգլերեն երգ: Բոլոր երգերն ընտրվել և հաստատվել էին կազմակերպիչների կողմից:
«Փառատոնի ընթացքում անակնալ տեղի ունեցավ. կազմակերպիչներից մեկը, շատ հավանելով Դալիթային, հրավիրեց մասնակցելու Miss European Beauty 2017 մրցույթին, որն անցկացվում է այս օրերին Մալթայում: Պատկերացրեք՝ հայկական գեղեցկությունը գերեց Մալթային, և Դալիթան հաղթեց Գրան Պրի մրցանակը՝ արժանանալով «Young Miss European Beauty-2017» տիտղոսին»,-«Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Դալիթայի մայրը՝ Իզաբելլան: