«Ձեր արածը թերի կլինի, եթե լավ հայեր չլինեք». Մոսկվայի«Հայորդյաց տան» տնօրեն

Մայիսի 14-ը Մոսկվայի «Հայորդյաց տան» 2016-2017 ուսումնական տարվա վերջին օրն էր։ Չնայած  դրան, այն շատ հագեցած և բազմազան էր։ Ավանդույթի համաձայն՝ վաղ առավոտից առաջին դասարանի սաները իրենց ավագ դասընկերների կողմից նախորդ տարիներին տնկած ծառերի կողքին դպրոցի բակում տնկեցին վարդի թփեր։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Այնուհետև ավարտական դասարանները կատարեցին գրավոր աշխատանքներ, որոնք հանձնարարվել էին տնօրենության կողմից։ Հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանը քննական դասեր անցկացրեց նաև առաջին դասարաններում, որոնց ընթացքում սաները ներկայացան մեկ տարվա ընթացքում ստացած գիտելիքներով։

1Ե դասարանում քննական ընթացքին ներկա էր նաև «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը։ Նա բարձր գնահատեց սաների պատրաստվածությունը՝ ասելով․ «Ես վստահ եմ, որ այս դասարանում կան ապագա իրավաբաններ, ծրագրավորողներ, ինժեներներ, ովքեր իրենց ոլորտում մեծ հաջողությունների կհասնեն։ Բայց ինչ էլ կյանքում անելու լինեք՝ լավ պետք է անեք։ Սակայն, ձեր արածը թերի կլինի, եթե լավ հայեր չլինեք, չլինեք օգտակար ձեր հայրենիքին, ազգին, եկեղեցուն։ Ամենից առաջ պետք է գիտակցեք, որ դուք արարող, մեծ ազգի հետևորդ եք։ Ոչ շովինիստական, ազգայնամոլական իմաստով, այլ արարողների ազգ իմաստով, որի զավակները մեծ հաջողությունների են հասել տարբեր բնագավառներում»։

Ուսումնական տարվա վերջին օրը հիշարժան էր նաև Ջեմմա Կիրակոսյանի դասղեկական 2Բ դասարանի համար։ Սաները մրցեցին տարվա ընթացքում հայոց լեզվից և գրականությունից ստացած գիտելիքներով և ներկայացան երգելու, ասմունքելու տաղանդով։ Մրցույթին ներկա էին նաև սաների ծնողները, ովքեր բարձր գնահատեցին Ջեմմա Կիրակոսյանի կատարած աշխատանքը և իրենց շնորհակալությունը հայտնեցին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին և կրթօջախի տնօրենությանը՝ «Հայորդյաց տան» գործունեության համար։

Հրաժեշտ տալով սաներին՝ ուսուցչուհիները հայտարարեցին, որ հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին՝ Սբ․ Պայծառակերպություն եկեղեցում։ «Հայորդյաց տան» տնօրենության որոշմամբ՝ «Հայորդյաց տան» ուսուցչական և աշակերտական անձնակազմը ներկա կլինի Սբ․ Պատարագին, որից հետո կմասնակցեն ավարտող սաներին վկայաններ հանձնելու հանդիսավոր արարողությանը։

%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a11 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a12 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a13 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a14 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a15 %d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a16

Scroll Up