«Հեռուստամարաթոն 2013»-ը գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը. հանգանակվեց ավելի քան 22.6 միլիոն դոլար

Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերը «Դեպի Արցախ» խորագրով 16-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակեցին  22 միլիոն 661 հազար 371 դոլար: Լոս Անջելեսում տոնական տրամադրությամբ ընթացավ ու հայկական պարեղանակի հնչյունների ներքո եզրափակվեց «Հեռուստամարաթոն 2013»-ը:

Համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն այս տարի Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կձգվի 116 կմ, նոր ճանապարհի տակ կտեղադրվեն ջրահեռացման համակարգեր` անձրևաջրերից քայքայվելուց ճանապարհը պաշտպանելու համար: Վաթսուն տոննա բեռնատարողունակության համար նախատեսված ճանապարհի մերձակա լեռնալանջերը կամրացվեն: Կկառուցվեն արտաքին և ներքին արգելապատնեշներ, մի դեպքում` ժայռի և ճանապարհի միջև` քարաթափերից պշտպանելու համար, մյուս դեպքում` ճանապարհի և ձորերի միջև: Ճանապարհի երկայնքով կանցկացվեն ճանապարհային 16 կամուրջներ:

Մինչև հեռուստամարաթոնն անցկացված դրամահավաք-ճաշկերույթների, հեռախոսամարաթոնների, փոստային հանգանակությունների միջոցով հավաքված գումարներն էլ կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի, ինչպես նաեւ Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը:

Նախորդ տարի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Մեր գյուղը» կարգախոսով 15-րդ հեռուստամարաթոնի ավելի քան 12 ժամ տեւած հանգանակության արդյունքում հավաքվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար՝ մոտ 8.5 մլրդ դրամ:

 http://armenpress.am

Scroll Up