Դեսպան Սահակյանը հանդիպեց Ղազախստանի վարչապետի հետ

Նոյեմբերի 27-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Սահակյանը հանդիպում ունեցավ ՂՀ վարչապետ Սերիկ Ախմետովի հետ:

Ղազախստանի վարչապետը ողջունեց Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթեց արդյունավետ աշխատանք:

Սերիկ Ախմետովը հաստատեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Ղազախստան այցելելու հրավերը: Այցը երկուստեք կարեւորվեց որպես զգալի խթան՝ երկկողմ առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման առումով:

Կողմերն անդրադարձան Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացման հարցերին: Մասնավորապես, ՂՀ կառավարության ղեկավարը խոստացավ Ղազախստանի աջակցությունը Հայաստանին՝ ՄՄ-ին անդամակցության «Ճանապարհային քարտեզի» մշակման եւ համապատասխան փորձագիտական խմբերի համագործակցության  հարցերում: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up