ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ԼՀ Սենատի նախագահի հետ

Մայիսի 8-ին աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի` Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանատնից, ողջունելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ԼՀ Սենատի նախագահը նշել է, որ Լեհաստանի իշխանությունները չափազանց մեծ կարևորություն են տալիս արտերկրում ապրող լեհերի (Պոլոնիայի) հետ տարվող քաղաքականությանը, որի հարցում Լեհաստանի Սենատն ունի շատ կարևոր դերակատարություն: Նա ներկայացրեց այն օրենսդրական կարգավորումներն ու քաղաքական ծրագրերը, որոնք Լեհաստանի իշխանություններն իրականացնում են Լեհաստանից դուրս ապրող հայրենակիցների հետ հարաբերություններում: Սենատի նախագահը նշեց, որ իրենց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի մոտեցումները Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում, որոնց մի մասը կարող են օգտակար լինել նաև Լեհաստանի պարագայում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԼՀ Սենատի նախագահին ջերմ ընդունելության և հանդիպման հնարավորության համար: Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Հայկական սփյուռքը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ Լեհաստանի հայ համայնքն առանձնանում է իր յուրահատուկ և բազմաբովանդակ պատմությամբ: Նախարարը հիշեցրեց, որ 2017 թվականի լրանում է Լեհաստանի Կազիմիր Երրորդ Մեծ թագավորի կողմից հայերի տրված հատուկ արտոնության  650-ամյակը, որը խոսում է ոչ միայն Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմության, այլև Լեհաստանի կյանքում հայերի ունեցած բացառիկ դերակատարության մասին: Նախարարը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին մեր հայրենակիցների հանդեպ մշտական հոգատար վերաբերմունքի և բարեկամական հարաբերությունների համար, որը կրում է երկկողմանի բնույթ և արտահայտվում է նաև Հայաստանում ապրող ոչ մեծաթիվ լեհական համայնքի և, առհասարակ, լեհ ժողովրդի հանդեպ հայերի ունեցած մշտական եղբայրական զգացողություններով և վերաբերմունքով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Նաև Հայկական սփյուռքի առանձնահատկությունները և  ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80-%d5%bd%d5%a5%d5%b6%d5%a1%d5%bf1

Scroll Up