ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական անձակազմի այցը Լիբանան

Ապրիլի 25-28-ը Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և հովանավորությամբ տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձակազմի այցը Լիբանան։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կցորդ Վլադիմիր Պողոսյանը, մասնագետների այցի ընթացքում տեղի ունեցան թվով չորս հանդիպումներ, որոնց ընթացքում նրանք հանդիպեցին 14 հայկական վարժարանների ու քոլեջների աշակերտների, ուսուցչական կազմի և տնօրենների հետ։ Ընդհանուր առմամբ հանդիպումներին մասնակցեցին  10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների թվով 500-600 աշակերտներ։ Այցի նպատակն էր համապարփակ տեղեկատվություն տրամադրել լիբանանահայ աշակերտներին և խրախուսել նրանց ուսանել ՀՀ բուհերում։

Ապրիլի 25-ին, ժամը՝ 14։00-ին, Այնճար ավանում մասնագետները հանդիպեցին Այնճարի Հայ առաքելական և հայ ավետարանական համայնքների երկու վարժարանների աշակերտների հետ։ Հանդիպումներին մասնակցեցին շուրջ 100 համապատասխան դասարանների աշակերտներ։

Ապրիլի 26-ին, ժամը՝ 11։00-ին, Լիբանանի Հայոց թեմի Սրբոց Վարդանանց եկեղեցու «Երջո Սամուելյան» սրահում մասնագետները հանդիպեցին առաքելական չորս ազգային վարժարանների և Ազգային ճեմարանի, Սահակյան֊Լևոնյան, Դարուհի֊Հովակիմյան վարժարանների 250 աշակերտների հետ։

Ապրիլի 27-ին, ժամը՝ 11։00-ին, Հայ կաթողիկե Մեսրոպյան Բարձրագույն արվեստից վարժարանում մասնագետները հանդիպեցին Հայ կաթողիկե երեք վարժարանների շուրջ 150 աշակերտների հետ։

Ապրիլի 27-ին, ժամը՝ 13։00-ին, Հայ ավետարանական Շամլյան քոլեջում մասնագետները հանդիպեցին Հայ ավետարանական երկու վարժարանների 80-90 աշակերտների հետ։

Մասնագետների այցի ընթացքում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի գլխավոր նպատակը՝ ստեղծել անմիջական ու անձնական կապեր ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և Լիբանանում գործող վարժարանների տնօրենների հետ, որը  պետք է այսու լինի շարունակական և ավելի դյուրացնի հետագա համագործակցությունը։

libananlibanan1libanan3libanan4

Scroll Up