Վարդան Կարապետյանը` Գլենդելի նոր քաղաքապետ

Մայիսի 1-ին, Գլենդելի քաղխորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն նոր քաղաքապետ ընտրեցին քաղխորհրդի ներկայիս անդամ Վարդան Կարապետյանին: Խոսելով առաջիկա գործունեության մասին՝ Կարապետյանը նշեց, որ գործընկերների հետ միասին կաշխատի քաղաքն առավել բարեկեցիկ և ապահով դարձնելու ուղղությամբ, հետամուտ կլինի ընթացիկ նախագծերի իրականացմանը` հայտարարված ժամկետներում:
«Ասպարեզ»-ի հետ զրույցում Գլենդելի նոր քաղաքապետն ամփոփ անդրադարձավ իր առաջնահերթ ծրագրերին. «Մեր քաղաքացիներին ամենամեծ անհանգստություն պատճառող խնդիրներից է բնակարանների վարձերի բարձրացումը, որ հաճախ տեղի է ունենում տարվա ընթացքում մի քանի անգամ` տանտիրոջ և վարձակալի միջև պայմանագրի բացակայության պատճառով: Այս հարցը կարգավորելու համար նախատեսում եմ առաջարկել վարձերի կայունացման մասին նոր օրենք, ըստ որի՝ տանտերը պարտավոր կլինի վարձը բարձրացնելու մասին տեղեկացնել չորս ամիս առաջ, և վարձակալի համաձայնութան դեպքում` պարտադիր պայմանագիր կնքել մեկ տարի ժամկետով: Առաջնահերթ հաջորդ հարցը` բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումն է: Այս նպատակով նախատեսվում է գրավիչ առաջարկներ անել գործարարների` Գլենդելում բիզնես ծավալելու համար: Առաջիկա տարում կկառուցվի նաև 70 մատչելի բնակարան տարեցների համար: Բնակելի շենքերի հարևանությամբ էլ նախատեսում եմ կառուցել կայանատեղիներ»:
Վարդան Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ աշխատում է երկու հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից` մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:
Մայիսի 1-ին Գլենդելի քաղաքապետարանում պաշտոնները ստանձնեցին քաղխորհրդում վերընտրված Զարեհ Սինանյանն ու Արա Նաջարյանը, ինչպես նաև առաջին անգամ ընտրված Վրեժ Աղաջանյանը և Արդի Քասախյանը, ով կշարունակի գործունենությունը որպես քաղաքապետարանի քարտուղար, և Րաֆֆի Մանուկյանը` որպես գանձապահ:
Քաղաքապետարանում տեղի ունեցավ նաև Գլենդելի Համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամներ Արմինե Հակոբյանի, Իվետ Վարդանյան-Դևիսի, Էն Ռասֆորդի, ինչպես նաև Գլենդելի Միացյալ Կրթաշրջանի խորհրդում վերընտրված Արմինա Կարապետյանի, Գրեգ Գրիգորյանի, և նոր ընտրված` Շանթ Սահակյանի երդմնակալության արարողությունը: