Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է «Էրեբունի» արգելոց-թանգարանից

Երևանի օրրանում` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից նոյեմբերի 26-ին մեկնարկել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:

Մեծանուն խմբավարի հետ հանդիպման առիթով արգելոց-թանգարանն իր հարկի ներքո հյուրընկալել է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության պատասխանատուների և մասնագետների, ովքեր եկել էին իրենց սրտի խոսքը փոխանցելու վաստակաշատ գործչին, մեծ պրոֆեսիոնալին և առաքինի քաղաքացուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էրեբունի» արգելոց-թանգարանի մամուլի ծառայությունից, բացելով մեծարման միջոցառումը` արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, մասնավորապես, ընդգծել է, որ եթե արդեն մեկ տասնամյակ է, ինչ աշխարհը կատարողական վարպետությունները դիտարկում է որպես ոչնյութական ժառանգություն և կոչ է անում դրանք պահպանել ու փոխանցել ապագա սերունդներին, ապա Հովհաննես Չեքիջյանն արդեն կես դար շարունակ ստանձնել է այդ բարձր առաքելությունը`Հայաստանի կապելլան հաստատապես տեղավորելով մեր մշակույթի ազգային գանձարանում:

Դաշնակահար Միքայել Գաբրիելյանի կատարումների ուղեկցությամբ ներկաները դիտել են «Մեր ժամանակի հերոսը» խորագիրը կրող տեսաշարը` պատրաստված արգելոց-թանգարանի և «Ֆոտոլուր» գործակալության գործընկերությամբ: Այն ներկայացրել է մաեստրոյի լուսանկարների ընտրանին` ներառելով նաև արխիվային լուսանկարներ Նեմրութի արխիվից: Շատ լուսանկարներ անակնկալի են բերել մաեստրոյին, և նա փորձել է ներկաների համար մեկնաբանել դրանք:

Մաեստրոյին ողջունել և բարեմաղթանքներ են հղել ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Ս. Գեղամյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Ա. Աբրոյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ա. Իսահակյանը, Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Ա. Ասատրյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Գ. Սարգսյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հ. Սիմոնյանը,  Հայաստանի երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գ. Նահատակյանը, «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի նախագահ Մ. Շահինյանը: Բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ Հովհաննես Չեքիջյանի աշխատանքի և նվիրումի շնորհիվ Հայաստանի ակադեմիական երգչախումբը դարձել է միասնականության և կարգապահության օրինակ: Հայաստանի ակադեմիական երգչախմբից ներկա երգիչ- երգչուհիները կատարել են Երևանի օրհներգը` «Էրեբունի-Երևանը»` այն նվիրելով մաեստրոյին, ով նաև Երևանի պատվավոր քաղաքացի է:

Միջոցառման կազմակերպիչներին և ներկաներին ուղղված իր շնորհակալական խոսքում հայ երգչախմբային արվեստի մեծանուն երախտավորը, մասնավորապես, ասել է. «Շնորհակալ եմ աստծուց, որ ինձ շնորհել է ունակություններ, որոնցով ես կարողացել եմ բարձրացնել իմ հայրենիքը: Ես հարուստ ու երջանիկ եմ` իմ հայրենիքին ծառայելով»:

 http://armenpress.am

Scroll Up