Հայրենասիրությունը երկիրը մաքուր պահելուց է սկսվում. իրաքահայ ուսանողուհի

«Դպրոցական տարիներին շաբաթօրյակների, ծառատունկների շատ եմ մասնակցել, որոնցից հաճելի հիշողություններ են պահպանվել, սակայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, նախարարության աշխատակիցների հետ առաջին անգամ էի շաբաթօրյակի մասնակցում»,-ապրիլի 15-ին Կոմիտասի անվան պանթեոնում կազմակերպված շաբաթօրյակի ժամանակ «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց իրաքահայ ուսանողուհի Կարին Օսկանյանը՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումով կարողանում ենք մեր երկիրը ծաղկեցնել, ավելի բարեկարգ ու կանաչազարդ դարձնել:
«Միշտ կրկնում եմ, որ հայրենասիրությունը երկիրը մաքուր պահելուց է սկսվում, և մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի այս խնդրի շուրջ: Ես, իբրև սփյուռքահայ երիտասարդ, հոգուս պարտքը համարեցի մասնակցելու շաբաթօրյակին. միայն հայրենասիրական կոչերը կամ երգեր բավարար չեն, հայրենասիրությունը նաև ամփոփված է նմանօրինակ քայլերի մեջ»,-նշեց Կարին Օսկանյանը:
Հավելենք, որ համաքաղաքային շաբաթօրյակը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կոչին հետևելով և հայրենադարձների նախաձեռնած «Մաքուր և կանաչ Հայաստան» շարժման շրջանակներում: