Բրազիլահայ ընտանիքը որոշել է հայրենադարձվել

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը բրազիլահայ երիտասարդ Ներսես Յեգիներյանն է, ում հոգին լի է՝ Հայաստանին նեցուկ լինելու, Մայր հայրենիք առհավետ վերադառնալու անծիր  ցանկությամբ:

Արարատին  «հանդիպելուն» սրտի թրթիռով ենք սպասում…

-Ծնվել եմ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, ավարտել եմ «Դուրյան» վարժարանը: Այժմ սովորում եմ Բրազիլիայի համալսարանների քաղաքային միության (FMU) իրավաբանության ֆակուլտետի ավարտական կուրսում: Մենք Բրազիլիայում ընտանեկան առևտրային բիզնես ունենք և ուզում ենք Հայաստանում արտադրվող մթերքները՝ հյութեր, պահածոներ, մրգեր և այլն, Բրազիլիա արտահանել, իսկ բրազիլական ապրանքները՝ Հայաստան ներկրել: Այդպիսով մեր երկիրն ավելի ճանաչելի կդարձնենք և կխթանենք ներդրումների զարգացմանը:

Որոշել ենք ընտանիքով հայրենադարձվել, միշտ մտածում ենք այդ մասին: Արդեն վեց անգամ այցելել ենք, և ամեն անգամ տարբեր գույների մեջ, զարգացած ու առաջադեմ բացահայտել Հայաստանը: Առաջին այցելությունը ամուր դաջվել է հիշողությանս մեջ, երբ Բիբլիական Սրբազան լեռը՝ Արարատը, իր ամբողջ գեղեցկությամբ երևաց մեզ, որից շատ հուզվեցինք: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ Արարատին «հանդիպելուն» սրտի թրթիռով ենք սպասում:

ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց ամուր կապվել Հայաստանին…

-Հայաստանում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին առաջին անգամ էի հանդիպում, մեկ անգամ էլ Բրազիլիա կատարած այցելության ժամանակ հայկական դպրոցում հանդիպելու առիթ եղավ:

Հրանուշ Հակոբյանը շատ ուրախացավ, երբ իմացավ մեր ընտանիքի հնարավոր հայրենադարձության լուրը: Նա ջերմորեն ընդունեց ինձ և կարևորեց Հայրենիքում ակտիվ գործունեություն ծավավելու ճիշտ դիրքորոշումս:

Նախարարը միաժամանակ հորդորեց ամուր կապվել Հայաստանին, իմ գիտելիքները, փորձը, կապերն ու  հնարավորությունները ներդնել Հայրենիքում:

img_0350

Գա՛նք, կառուցե՛նք մեր երազանքի Հայաստանը…

-Հայաստանի բարօրության համար մտածելը բոլորիս ամենօրյա մտահոգությունը պետք է լինի, սիրե՛նք մեր երկիրն իր առավելություններով, դժվարություններով հանդերձ: Քննադատելն ու դժգոհելն ամենից հեշտ բանն է, սակայն այդ ամենի փոխարեն ավելի լավ է քայլեր ձեռնարկել՝ օգտակար լինելու Հայաստանին. եթե ինքներս մեզ չօգնենք, ապա մեկը ուրիշը դա չի անի:

Բրազիլացիները մի լավ ասացվածք ունեն. «Քար մի՛ նետիր հարևանիդ տանիքի վրա, եթե քո տան տանիքը ապակուց է», այս նախադասությամբ ամեն ինչ ասված է: Գա՛նք, կառուցե՛նք մեր երազանքի Հայաստանը. մեր Հայրենիքն աշխարհի ամենալավ երկիրն է:

10593024_1744 10653387_10152298554845036_8148993463090883578_n

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն եմ շատ սիրում…

-2014 թվականին Հայաստան եկա «Globo TV»-ի նկարահանող խմբի հետ: Նրանց ուղեկցում էի, որպեսզի նկարահանումներ կատարեին Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերում: Տասնհինգ օր տևեցին նկարահանումները, եղանք Երևանում, Էջմիածնում, Խոր Վիրապում, Խնձորեսկում, Ջերմուկում և այլուր, որի արդյունքում տեսաֆիլմ պատրաստվեց: Այն տեղադրվել է նաև «Youtube»-ում, «Globo TV» հեռուստաալիքով տեսաֆիլմը 30 միլիոն դիտում է ունեցել:

Ինչ վերաբերվում է Հայաստանում իմ սիրելի վայրին, ապա դա Էջմիածինն է, անբացատրելի կապվածություն ունեմ այս քաղաքի հետ: Պատճառներից մեկն էլ այն է, որ Գևորգյան հոգևոր ճեմարանում 6 ամիս դասընթացների եմ մասնակցել՝ հարստացնելով հոգևոր գիտելիքներիս պաշարը:

Այժմ հայրիկիս և եղբորս հետ Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում ենք ծառայում: Եղբայրս նույնպես Գևորգյան հոգևոր ճեմարանում վեցամսյա դասընթացների է մասնակցել, նա սարկավագ է, իսկ ես՝ դպիր: Հայրս հոգևոր կրթությունը Երուսաղեմում է ստացել:

Գևորգ Չիչյան

Scroll Up