Քլարկի համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով է անցկացվել

Ապրիլի 6-9-ն անցկացվել է Քլարկի համալսարանի Ստրեսլերի Ողջակիզման եւ ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպված` «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր):
Գիտաժողովին մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսրայելից, Հայաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես եկավ «Հարյուր տարի անց. ովքեր եւ ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով: Դրա շրջանակներում քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված իրավական միջոցներին առնչվող հարցեր:
Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային եւ մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին եւ ներկայացվեց տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարելուն ուղղված` ընթացող եւ ավարտված դատական գործընթացների վերաբերյալ: