Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը կվերակենդանան նոր անիմացիոն ֆիլմաշարում
ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ զվարճախոս-կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին: Նրանք եղել են իրենց ժամանակի ամենավառանհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուրխոսքի միջոցով հասցնել ամենատարբեր մեծամեծերին: Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնի հանրային կապերի բաժնից:
Այսօր՝ և´ մշակութային, և´ կրթական իմաստով չափազանց մեծ է մեր սրամիտ առակախոսներին լավագույնս հանրությանը ներկայացնելու կարևորությունը: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնի կողմից արդեն մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած անգին ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ: Շուտով համապատասխան առաջարկը կներակայացվի նաև ՀՀ մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների: ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը պատրաստ է համագործակցել նախագծի կյանքի կոչմամբ հետաքրքրված անձանց և կազմակերպությունների հետ: