Միջինքի և Մայրերի տոնի առիթով միջոցառում Զախոյում

Օրերս, կազմակերպությամբ Իրաքի Զախո քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու ընկերային հանձնախմբի, Միջինքի և Մայրերի տոնի առթիվ Շիրակ սրահում տեղի ունեցավ մանկական դիմակահանդես, որին մասնակցեցին 54 երեխաներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Զախոյից Տեր Մամբրե քահանա Հմայակյանը, բոլոր մասնակիցներն արժանացան նվերների, իսկ լավագույնները նաև պատվոգրերի հետևյալ անվանակարգերում` «Լավագույն Ազգային-հայրենասիրական կերպար», «Լավագույն մտահղացում» և «Կատարողական վարպետություն»:
Դիմակահանդեսի ավարտից հետո սկսվեց միջոցառման գրական մասը, որի ընթացքում վերոհիշյալ երեխաներից 33-ն ասմունքեցին մայրերին ձոնված հայ գրողների բանաստեղծություններից: Հանդիսության ավարտին երեխաներին իրենց պարով ու խաղերով ուրախացրին տարբեր մուլտֆիլմերի հերոսներ: