Տիգրան Չուխաջյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառում Եղեգում
Մարտի 13-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում` նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում ընդգրկված կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի ծննդյան 180-ամյակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, աշակերտները ներկայացրեցին Տիգրան Չուխաջյանին` որպես մեծ տաղանդի և մասնագիտական բարձր գիտելիքների տեր ստեղծագործող, կատարող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, հայրենասեր արվեստագետ, դեմոկրատական իդեալների ջատագով: Կարևորվեց այն փաստը, որ Չուխաջյանի ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ մի նոր էջ է բացվել, դրվել ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը: Նրա առաքելությամբ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ գործածության մեջ է մտել «հայ կոմպոզիտոր» հասկացությունը։
Չուխաջյանի աշակերտուհիներից մեկը այսպես է նկարագրում Չուխաջյանին. «Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից: Նա ներսում երբեք ֆես չէր կրում. նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին: Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով: Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի: Այլասեր և համեստ մարդ, որը միշտ կրում է մուգ մոխրագույն ֆրակ»:
Դաս-միջոցառման ընթացքում մեծ տեղ հատկացվեց նաև Չուխաջյանի հեղինակած հայ ազգային դասական 1-ին օպերային՝ «Արշակ 2-րդ»-ին, որը նրա ստեղծագործության և հայ երգարվեստի գլուխգործոցներից է:
Միջոցառման ավարտին աշակերտները և ներկաները ունկնդրեցին հատվածներ «Լեմբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետից և «Արշակ 2-րդ» օպերաներից:
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ն. Իսակյանը և 7-րդ դասարանի դասղեկ Ա. Առաքելյանը, համագործակցելով դասվար Ա. Պողոսյանի հետ, թարմացրեցին նաև «Երաժշտություն սիրողներ չեն ծնվում, այլ՝ դառնում են» խորագիրը կրող ցուցատախտակը` նվիրված Տիգրան Չուխաջյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն: