Հայկական երաժշտության շաբաթ Նիցցայի կոնսերվատորիայում

Այս տարի Ֆրանսիայի հարավային քաղաքներից մեկում՝ Նիցցայում, գարունը եկավ հայկական տաքուկ և տարատեսակ ռիթմերի ներքո: Տարածաշրջանի ճանաչված կոնսերվատորիայում հայտարարված էր հայկական երաժշտության շաբաթ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հաղորդում է «Ալիանս համահայկական միության» նախագահ Մարինա Պետրոսյանը, հմայված մեր ավանդական գործիքի՝ դուդուկի ձայնով, կոնսերվատորիայի հոբոյի ուսուցչուհի Շառլոտ Բուշեի նախաձեռնությամբ և տնօրեն Տիեղի Մուլլերի ջանքերով թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչներն ու երաժշտասեր ողջ հանրությունը մասնակից և ականատես եղան բազմաթիվ համերգների, դասախոսությունների, վարպետության դասընթացների, որոնց առանցքում միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին և հայկական մեղեդիները:

Հնարավոր չէ գրչի միջոցով ներկայացնել այն խանդավառությունը, որը տիրում էր անցած շաբաթ այս հաստատությունում, որի կենտրոնական նախասրահում ստեղծված էր նաև հայկական անկյուն՝ ազգային երաժշտական գործիքներով և պարային ասեղնագործ հագուստներով:

Հայկական երաժշտության շաբաթվա պատվավոր հյուրերն ու գործող մասնագետներն էին երաժշտագետ, դաշնակահար, դիրիժոր, Ռոման քաղաքի կոնսերվատորիայի նախկին տնօրեն Ալեքսանդր Սիրանոսյանը, Ռոմանի կոնսերվատորիայի դուդուկի ուսուցիչ, ճանաչված դուդուկահար Լևոն Չատիկյանը, որի դուդուկի քնքուշ ձայնը և մասնագիտական խորհուրդները դեռ երկար կմնան հանդիսատեսի և երաժշտասեր աշակերտների հուշերում: Ողջ շաբաթվա ընթացքում նա մեր ավանդական դուդուկով նվագակցում էր գրեթե բոլոր երաժշտական գործիքների կատարումների ժամանակ: Նախաձեռնությունից ոգևորված՝ կոնսերվատորիայի նվագախմբի ղեկավար Ֆիլիպ Դուլաթը գրել էր մի նոր ստեղծագործություն, որի անդրանիկ կատարումը մեծ տպավորություն գործեց հանդիսատեսի վրա:

Շաբաթվա դասական ծրագիրը լրացնելու էին եկել նաև «Վարպետ» ֆրանսիական ազգային նվագախումբը (գեղ. ղեկավար Լ. Չատիկյան), երգչուհի Նելլի Եղիազարյանը և «Նաիրի» պարախումբը (գեղ. ղեկավար Մագի Ջեորջյան):

Հայկական երաժշտության շաբաթվա շրջանակներում կայացած համերգի ընթացքում ավելի քան 2000 հանդիսատես ծանոթացան հայկական երաժշտությանը, սիրեցին և գնահատեցին հայ ժողովրդի պատմությունը, մշակութային հարստությունը և հայկական լեռնաշխարհի պատմամշակութային տաճարները, որոնց պատկերները ցուցադրված էին համերգային ծրագրի ողջ ընթացքում:

Ծրագիրը լիարժեք չէր լինի, եթե մեր երաժշտական արվեստը չզուգորդվեր հայկական նրբահամ խոհանոցային արվեստով: Հանդիսատեսը ճաշակեց ավանդական ուտեստներ, որոնք պատրաստել էին «Ալիանս համահայկական միության» կանայք: Անուշեղենի վաճառքից ստացված գումարը միությունը կհատկացնի Արցախի հիվանդանոցներին և դպրոցներին:

Համերգային շաբաթն ամփոփվեց կիրակի օրը՝ Նիցցայի նավահանգստում գտնվող եկեղեցում՝ «Հարմոնիա» փողային նվագախմբի համերգով (գեղ. ղեկավար Ֆրանսուա Լըքլերսի), որն արժանի է բարձր գնահատականի:

%d5%b6%d5%ab%d6%81%d6%81%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81%d6%81%d5%a11

Scroll Up