Գալուստ Գյուլբենկյան
1917 թ. բռնկված ռուսական հեղափոխությունը դարձավ համատարած սովի պատճառ, որից փրկվելու միակ հույսն Արևմուտքն էր: Ռուսաստանը տարադրամի կարիք ուներ` ժողովրդին կերակրելու և տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, ուստի որոշում ընդունեց երկրի բուրժուական հորջորջված հսկայական հարստությունը` արվեստի գործերը, ցարական ունեցվածքը, ամբողջական պալատները արևմտյան երկրներին ու ԱՄՆ-ին վաճառելու մասին: 1929 թվականին հերթը հասավ Էրմիտաժին: Վաճառքի հանված արժեքներն սպառվում էին ակնթարթորեն, և այդ ամենը երկրից «արտահոսում էր» ուղղակի ջրի գնով: Էրմիտաժի հարստության գնորդներից էր այն ժամանակ արդեն նավթային մագնատի համբավ ձեռք բերած և արվեստի գործերի հրաշալի հավաքածու ունեցող Գալուստ Գյուլբենկյանը:
Նա նավթի վաճառքով զբաղվող իր գործընկերներին դիվանագիտորեն համոզում էր արևմտյան շուկայում իրացնել նաև ռուսական նավթը` այդպիսով Ռուսաստանի համար ապահովելով այնքան անհրաժեշտ տարադրամը, իսկ իր համար` Էրմիտաժից առաջինը գնումներ կատարելու իրավունքը: Չորս հաջողված գործարքների շնորհիվ Գյուլբենկյանն իր հավաքածուն հարստացրեց 18-րդ դարի ֆրանսիացի վարպետների գործերով, «Դիանայի» քանդակով, որը ժամանակին պատկանել էր անձամբ Եկատերինա թագուհուն, շատ էժան ձեռք բերեց նաև մի քանի բարձրարվեստ կտավ:
Ամբողջ այս հարստությունը հետագայում պետք է հանգրվաներ նրա` ավելի քան 60 տարվա ընթացքում կուտակած անձնական հավաքածուի բազմաթիվ նմուշների կողքին, իսկ մահվանից 14 տարի անց ցուցադրվեր Լիսաբոնում բացված և իր անունը կրող թանգարանում, որը աշխարհի լավագույն թանգարաններից է:
Սակայն Գյուլբենկյանի համաշխարհային փառքն ու անունն առնչվում են մեկ այլ առաքելության հետ, որը մանկուց էր կանխորոշված:
1869 թվականի մարտի 23-ին Կոստանդնուպոլսի Սկյութար թաղամասում հաջողակ և ունևոր գորգավաճառ Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում ծնվում է առաջնեկ որդին` Գալուստը: Նրանից գոհ սուլթանը, որպես շնորհակալություն` ճարպիկ վաճառականին նշանակում է սևծովյա Տրապեզունդ նավահանգստի կառավարիչ: Նավահանգիստը յուրօրինակ կամուրջ էր Ռուսաստանի և Փոքր Ասիայի միջև, ուստի ձեռներեց գործարարն առիթը բաց չի թողնում զբաղվելու նաև Ռուսաստանից Օսմայնան կայսրություն ներկրվող նավթի վաճառքով: Հոր հարստությունը Գալուստի համար փայլուն կրթություն ստանալու հեռանկարներ է բացում: Նախնական ուսումն ստանում է Գատըգյուղի Արամյան-Ունճյան դպրոցում, ապա Սուրբ Հովսեփ ֆրանսիական վարժարանում: Այնուհետև ֆրանսերենը կատարելագործելու համար սովորում է Մարսելի երկրորդ կարգի դպրոցում, հետո` Լոնդոնի «Թագավորական քոլեջի» ճարտարագիտության բաժնում, որն ավարտում է 1887-ին` փայլուն գնահատականներով և բարձրակարգ ճարտարագետ-նավթարդյունաբերողի որակավորմամբ: Այնուհետև հայրը որդուն ուղարկում է Անդրկովկաս` ուսումնասիրելու Բաքվի քարյուղի հանքերը: Այս ճամփորդությունը «նավթային գործի» սիրահարին առիթ է ընձեռում հեղինակելու լուրջ մի աշխատություն` Միջին Արևելքի նավթային պաշարների շահագործման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև զանազան հոդվածներ հրատարակել ու փարիզյան «Revue des Deux Mondes» թերթում: 21 տարեկանում Գյուլբենկյանը համարվում էր նավթային հարցերի առաջնակարգ փորձագետ` ողջ աշխարհում: Եվ պատահական չէ, որ նրա վրա ուշադրություն է բևեռում Օսմանյան կառավարության հանքերի նախարարը` խնդրելով մի տեղեկագիր պատրաստել կայսրության և Միջագետքի քարյուղի հանքերի մասին: Բանիմաց երիտասարդը բավականին համոզիչ տեղեկագիր է պատրաստում, որով ապացուցում է, որ կայսրության տարածքները հսկայական նավթային ներուժ ունեն: Բանեցրած դիվանագիտության շնորհիվ նա մի քանի մեծահարուստ նավթարդյունաբերողների համոզում է գումարներ ներդնել` այդ հանքերի շահագործումը կազմակերպելու համար: Ավելին` Գյուլբենկյանը որոշում է հոր տված 30 000 ֆունտ ստեռլինգ դրամագլխով միանալ նրանց և սեփական գործ սկսել: Իսկ դրա համար նախ հարկավոր էր ազդեցիկ կապեր ձեռք բերել: Այդ նպատակով մեկնում է Լոնդոն և այնտեղ եռանդուն գործունեություն ծավալելու շնորհիվ նոր ծանոթություններ հաստատում, բանակցություններ վարում ու պայմանագրեր կնքում: Այդպես մեկնարկում է Միջագետքի նավթի հանքերի մշակման դարաշրջանը, ինչպես նաև Գյուլբենկյանի գլխապտույտ վերելքը` փառքի աստիճաններով:
Անգլիայում նա հանդիպում է կյանքի ընկերուհուն` Նվարդ Եսայանին: Նվարդը հայկական ազնվական ընտանիքից էր, շատ խելացի, կենսուրախ մի կին, ով ողջ կյանքում մնաց ամուսնու կողքին` որպես հավատարիմ նեցուկ:
1896 թվականին ծնվեց նրանց առաջնեկը` Նուբարը: Այդ ժամանակ ամուսինները դեռ Թուրքիայում էին, սակայն համիդյան ջարդերի պատճառով լքեցին երկիրը` հաստատվելով Լոնդոնի կենտրոնում:
Տեղափոխվելով Եվրոպա` երիտասարդ գործարարն առավել մեծ ավյունով է սկսում զբաղվել նավթային գործերով: Այդ տարիներին նա իր ուժերը ներդնում է երկու խոշոր գործընկերների` Օսմանյան կայսրության և Անգլիայի շահերը պաշտպանելուն` երկար ժամանակ նրանց համար ապահովելով Միջագետքի նավթը շահագործելու մենաշնորհը և ինքն էլ ունենալով իր հասանելիքը: Սակայն Առաջին համաշխարհայինի նախաշեմին արաբական նավթի հանդեպ հավակնություններ է ներկայացնում Գերմանիան: Անգլիացիները խնդրում են Գյուլբենկյանին բանակցություններ վարել Գերմանիայի հետ` նավթահանքերի նրա մասնաբաժինը հնարավորինս կրճատելու նպատակով: Երկարատև բանակցություններով Գյուլբենկյանին հաջողվում է համաձայնագրի նախագիծ կազմել, որը բավարարում է բոլոր շահագրգիռ կողմերին:
Պատերազմի ավարտից հետո, երբ փլուզվել էր Օսմանյան հսկայական տերությունը, և Գերմանիան էլ խաղից դուրս էր մնացել, Գյուլբենկյանը ստիպված էր նոր բանակցություններ սկսել հին և ասպարեզում հայտնված նոր գործընկերների հետ: Պատերազմում հաղթանակած Ֆրանսիան Միջին Արևելքի քարյուղի պահեստների տիրակալներից մեկը դառնալու նոր հավակնորդերի թվում էր: ԱՄՆ-ը նույնպես աչք էր դրել Միջագետքի և հատկապես` Հյուսիսային Իրաքի քարյուղի հանքերի վրա: Եվ Գյուլբենկյանի շնորհիվ, Թուրքական նավթային ընկերության կազմավորումից 14 տարի անց, նոր համաձայնագիր է կազմվում (պատմության մեջ հայտնի է «Կարմիր գծի» համաձայնագիր անունով) նորաստեղծ Իրաքյան նավթային ընկերության շրջանակներում, որի բաժնեթղթերը կիսվում են նախկին անգլիական և անգլո-պարսկական, նոր ֆրանսիական ու ամերիկյան ընկերությունների միջև, որոնք էլ դարձան քարյուղի ապագա հսկաները: Հետաքրքիր է, որ այս դեպքում ևս պահպանվեց ընդհանուր դրամագլխից Գյուլբենկյանին հասանելիք 5 տոկոսը, որի համար նրան սկսեցին կոչել «պարոն 5 տոկոս», և որը բազմապատկեց նրա միլիոնները:
Սակայն հարստությունը նրա համար թշվառներին, կարիքավորներին ու դժբախտության մեջ հայտնվածներին ձեռք մեկնելու միջոց էր, ինքն անձամբ չէր սիրում անտեղի գումարներ վատնել, եթե խոսքն իհարկե չէր վերաբերում արվեստի հերթական գործը ձեռք բերելուն: Լինելով շատ խնայող ու ժուժկալ մարդ սեփական ընտանիքում` նա գումարներ չէր խնայում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի հայկական համայնքներին առատաձեռն նվիրատվություններ անելու համար: Համբավավոր հայ մեծահարուստը մեծ գումարներ է ներդրել նաև Երուսաղեմի պատրիարքարանի, Կ. Պոլսի սբ Փրկիչ հիվանդանոցի և Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ինչպես նաև Երևանի ծայրամասում կառուցված Նուբարաշեն և Նոր Կեսարիա թաղամասերի շինարարության գործում:
Կյանքի վերջին տարիներին Գյուլբենկյանը բնակություն է հաստատում Պորտուգալիայում` իր համար ժամանակավոր կացարան դարձնելով լիսաբոնյան «Ավիզ» շքեղ հյուրանոցի համարները: Հավատարիմ քարտուղարի ուղեկցությամբ զբոսանքները նրա ամենօրյա արարողություններից էին: Դրանց միակ անհարմարությունը Գյուլբենկյանի աճող հռչակն էր. նա ասես Լիսաբոնի տեսարժան վայրերից լիներ. բոլորը ուզում էին գոնե հեռվից տեսնել աշխարհի ամենահարուստ մարդուն, իսկ երեխաները համարձակություն էին ունենում մոտենալ, շրջապատել ու ամենատարբեր հարցերով անհանգստություն պատճառել հանգստացող ծերունուն: Սակայն Գյուլբենկյանը նրանց դեմ պայքարելու սեփական` զուտ «գյուլբենկյանական» եղանակն ուներ. երեխաներին թույլատրում էր կողքին գտնվել միայն այն պայմանով, եթե լուռ մնան: Այդ լռության համար յուրաքանչյուրը մեկական մանրադրամ էր ստանում:
Կյանքի մայրամուտին` 81 տարեկանում զրկվում է հավատարիմ կողակցից: Դա նրան ստիպում է մտածել կտակի մասին, որում ցանկություն է հայտնում Լիսաբոնում հատուկ ֆոնդ ստեղծել` եվրոպայով մեկ ցրված իր հավաքածուի բոլոր նմուշները` իր բոլոր «զավակներին» մեկտեղելու համար: Ֆոնդին նա կտակում է 2,6 միլիարդ դոլար և 102 միլիոն բյուջեով տարեկան շահույթ: 2 տարի անց` 1955 թվականի հուլիսի 20-ին իր օթևանած հյուրանոցում էլ դարի մեծագուն մարդկանցից մեկը հրաժեշտ է տալիս կյանքին: Նրա վերջին հանգրվանը դառնում է իր միջոցներով Լոնդոնում կառուցված սբ Սարգիս եկեղեցին: