Ջավախքի հայերը համալրեցին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի շարքերը

Մարտի 3-ին եւ 4-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը առաջին անգամ Ջավախքի հայաշատ համայնքներում իրականացրեց դոնորագում՝ եւս 76 հայ կամավորներ միացան այս մարդասիրական գործին։

Միջոցառումները տեղի ունեցան Ախալցխա, Ախալքալակի եւ Նինոծմինդա քաղաքներում Ջավախքի ՀՕՄ ատենապետուհի Կարինե Թադեւոսյանի եւ միության մյուս անդամների աջակցության շնորհիվ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը եւ բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը դասախոսություններ կարդացին՝ հավաքվածներին ներկայացնելով ռեեստրի գործունեությունը, ձեռքբերումները եւ կարեւորությունը։ 17 տարի է, ինչ հիմնադրամը նվիրվել է լեյկեմիայի եւ արյան չարորակ այլ հիվանդությունների դեմ պայքարին՝ ձգտելով օգնել աշխարհասփյուռ հայերին եւ, ինչու չէ, օտարազգիներին հաղթահարել այդ մահացու հիվանդությունները:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել եւ հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականին՝ ի պատասխան լեյկեմիայով եւ արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության եւ բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության։ Կազմակերպությունը գրանցվել է, որպես շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ, որտեղ մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28 000 դոնոր։

Scroll Up