Ստամբուլում իսլամացված հայերի համար կազմակերպված հայերենի դասընթացը մեծ հաջողություն է ունեցել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/se.thumb_.jpg)
Ստամբուլում արդեն մի քանի ամիս է, ինչ հաջողությամբ շարունակվում է իսլամացված հայերի մայրենի լեզվի դասընթացը, որն, ինչպես նշել ենք ավելի վաղ, նախաձեռնել էր ծնունդով Բեյրութից Օքսֆորդի շրջանավարտ Հրակ Փափազյանը:
Ամիսներ առաջ Հրակին հաջողվեց կազմավորել իսլամացված հայերից բաղկացած մեկ առանձին խումբ, որտեղ կան նաև Մուշում, Սասունում, Ադափազարըում, Բինգյոլում մեծացած հայեր, որոնք տարիներ շարունակ հեռու են գտնվել Ստամբուլի հայկական համայնքից, եկեղեցուց և դպրոցներից կամ ինչ-ինչ պատճառներով ավելի ուշ են տեղեկացել իրենց ծագման մասին, գրում է tert.am-ը:
Նշենք, որ Թուրքիայում իսլամացված հայերի` հայկական դպրոցներում մայրենին սովորելու հնարավորությունը փաստացի անհնար է՝ առաջին հերթին հենց երկրի օրենքների համաձայն: Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն:
Ըստ Լոզանի պայմանագրի երրորդ բաժնի 37-45 կետերի` կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզները, լազերը և առհասարակ ոչ թուրք բոլոր մահմեդականները:
Այսպիսով` Ստամբուլում գործող համայնքային հայկական դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ:
Փաստացի այս գործընթացից դուրս են մղվում նաև ալևիացած և մահմեդականացված բոլոր հայերը, որոնց շրջանում հայերեն սովորելու ձգտում դրսևորողների առաջ միակ բաց «պատուհանը» մնում են վերջին տարիներին որոշ միությունների կամ անհատների կողմից նախաձեռնվող բաց դասընթացները, որոնք ավելի վաղ կազմակերպվել են Տիգրանակերտում, Դերսիմում և Մուշում:
Շատ հաճախ այս դասընթացները շարունակական բնույթ չեն կրում՝ ֆինանսական աջակցության բացակայության պատճառով: