Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի Պատվո մրցանակը հանձնվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/03/f58bd2ddcada51_58bd2ddcada8e.jpg)
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող Գերմանիա-Թուրքիա 22-րդ կինոփառատոնի «Պատվո մրցանակը» թուրքական կողմից հանձնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Գերմանական կողմից մրցանակը ստացել է հայտնի գերմանացի ռեժիսոր Յուրգեն Յուգեսը:
Ըստ թուրքական «Karar.com» լրատվական կայքի` Գյուլերին պարգևը հանձնել է Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին:
Պարգևը ստանալու համար բեմ բարձրացած Գյուլերը լուսանկարչական արվեստի մասին ասել է, որ լուսանկարըելը միայն լուսանկարելու գործողությունը չէ: Ըստ նրա` լուսանկարը պետք է իրադարձություն նկարագրի և իր ասելիքն ունենա:
Գյուլերի խոսքից հետո ցուցադրվել է աշխարհահռչակ լուսանկարչի կյանքն ու գործունեությունը նկարագրող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը: Մեծ էկրանին արտացոլվել են նաև Արա Գյուլերի վերաբերյալ նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկի ու Յաշար Քեմալի գրած տողերը: