Պարգեւների հանձնման արարողություն Ռումինիայում ՀՀ դեսպանությունում

Նոյեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հայոց լեզվի ուսուցման բնագավառում աչքի ընկնող գործիչների պարգեւատրման արարողություն: Կրթության եւ գիտության ոլորտում ունեցած ավանդի եւ հայապահպան գործունեության համար Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին հայերենը որպես օտար լեզու դասավանդման «Կռունկ Հայաստանի» քառահատոր դասագրքի հեղինակ, Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր Աիդա Մարկոսյանը եւ ռումինահայերի համար արեւմտահայերենի դասագրքի հեղինակ, Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի վաստակաշատ մանկավարժ, պրոֆեսոր Ուլնիա Բլանարու Մականյանը:

Մատաղ սերնդի հայապահպան դաստիարակության, կրթության գործում ունեցած ավանդի համար ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով խրախուսվեցին Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցի արեւելահայերենի եւ արեւմտահայերենի ուսուցիչներ Արշալույս Պարոնյանը եւ Նարինե Բոգդան Կաուշը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցելու համար Սփյուռքի նախարարության հավաստագիր հանձնվեց Բելա Մարտիկյանի ղեկավարած Բուխարեստի «Վարդավառ» պարախմբին:

Պարգեւատրման պաշտոնական արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ փոխնախագահ Սիրուն Թերզյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ՅՈՒՆԷՍԿՕ-ի ամբիոնի վարիչ դոկտոր Լեւոն Չուքասզյանը, ինչպես նաեւ համայնքի անդամներ:

Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը ՀՀ կառավարության անունից երախտիքի խոսքեր հղեց սփյուռքում հայապահպանության գործում մեծ ավանդ ունեցող հայոց լեզվի ուսուցիչներին, որոնց ուսերին է դրված սփյուռքի երիտասարդությանը հայ դաստիարակելու պատասխանատու գործը:

Գնահատանքի խոսքերով եւ հայոց լեզուն ամենայն կերպով պահպանելու ուղերձով հանդես եկան նաեւ ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը եւ դոկտոր Լեւոն Չուքասզյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up