«Մարդկանց օգտակար լինելու համար` բժշկությունն ընտրեցի».Դանիել Ստամբուլյան

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կկայանա հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը, որը նախագահելու է արգենտինահայ ակնառու բժիշկ, վարակաբան Դանիել Ստամբուլյանը:

Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ բժիշկներն առաջին անգամ մեկտեղվելով Հարավային Ամերիկայում՝ հերթական անգամ քննարկելու են առողջապահական կարևոր հարցեր, հանդես են գալու նորարարական առաջարկներով:

«Հայերն այսօր»-ը Դանիել Ստամբուլյանի հետ զրուցել է համաժողովին առնչվող և այլևայլ հարցերի շուրջ:

 -Պարո՛ն Ստամբուլյան, նախ անդրադառնանք Ձեր արմատներին: Որտեղի՞ց  եք սերում  Դուք:

-Նախնիներս Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից են եղել: Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռ եմ: Պապս մահացել է 1915 թվականին թուրքերի իրագործած Ցեղասպանության ժամանակ, իսկ 13-ամյա հայրս բախտի բերմամբ փրկվել ու հասել է Լիբանան, հետո՝ Սիրիա, որտեղից էլ 1925 թվականին Արգենտինայում է հաստատվել:

Հանդիպելով մայրիկիս՝ ամուսնացել են, և 1938 թվականին ես եմ ծնվել: Երկու քույր ունեմ՝ Լիդիան ու Քրիստինեն: Լիդիան մահացել է, իսկ Քրիստինան մեր հիմնադրամում է աշխատում:

-Ինչու՞ ընտրեցիք բժշկությունը, ինչպե՞ս գրավեց Ձեզ այս մասնագիտությու նը:

-Բժշկությունն ընտրեցի, քանի որ այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս օգտակար լինելու մարդկանց, իսկ ես նախանձախնդիր եմ այս հարցում:

Բժշկական գործունեությունը սկսել եմ մանկաբուժությամբ զբաղվելով, հետո Լոս Անջելես գնացի՝ սովորելու և ուսումնասիրելու վարակաբանություն:

Հիմնելով լաբորատորիա՝ մի շարք վարակիչ հիվանդություններից մարդկանց պաշտպանելու համար պատվաստումներ ենք անում: Ի դեպ, մեր լաբորատորիան իր հագեցված սարքավորումներով, պրոֆեսիոնալ բուժանձնակազմով Հարավային Ամերիկայի ամենալավ 12 լաբորատորիաներից  մեկն է համարվում:

Միշտ աշխատել եմ 1983 թվականին իմ կողմից հիմնած «FUNCEL» առողջական կազմակերպությունում, իսկ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի  «FIDEC» հիմնադրամը ստեղծել եմ 2008 թվականին:

Ամբողջ տարիների ընթացքում միշտ մտածել եմ աշխատանքում հասած հաջողություններս ծառայեցնել նաև Հայաստանին, օգտակար լինել հայ ժողովրդին՝ փորձելով ինչ-որ կերպ ներդրում ունենալ մեր երկրի զարգացմանը: Այդ նպատակով էլ Հայաստանում բացեցի «FIDEC ARMENIA» մասնաճյուղը:

Առողջական կազմակերպությունը հոգում է նաև այն հայերի առողջական խնդիրները, ովքեր Հայաստանում աշխատում են արգենտինաբնակ բարերար Էդուարդո Էրնեկյանի հիմնած «Կարաս» գինու գործարանի այգիներում: Մեր ուշադրությունից չի վրիպել նաև Տավուշի մարզի բնակչությունը:

Հաճա՞խ եք լինում Հայաստանում: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում առողջապահական ոլորտի մասին, ո՞ր ճյուղերն են հատկապես զարգացած:

-Պարբերաբար այցելելով Հայաստան՝ մենք նկատեցինք, որ վերջին տարիներին առողջապահական շատ հարցեր, հատկապես՝ մոր և մանկան առողջության պահպանման հետ կապված, բարելավվել են: Սակայն այսօր Հայաստանի համար շարունակում են խնդիր մնալ սրտանոթային հիվանդությունները, թոքերի քաղցկեղը (հաշվի առնելով ծխողների մեծ թիվը):

Ի վերջո, մեր ցանկությունն է գյուղական բնակավայրերում բարձրացնել առողջապահական խնամքի որակը, որն առավել ներդրումներ կատարելու կարիք ունի:

Այդ ուղղությամբ օգտագործելով փորձագետ Ռոբերտ Իստեփանյանի տելեբժշկության առողջապահական ծրագիրը՝ մենք կարող ենք  հեռախոսների, թվային այլ գործիքների միջոցով Երևանից համագործակցել Հայաստանի տարբեր քաղաքների հետ և օգտակար լինել  մարդկանց:

Պարո՛ն Ստամբուլյան այս տարի նախագահելու եք Բուենոս Այրեսում կայանալիք Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը: Որ՞ն է Ձեր կոչը համագումարի մասնակիցներին:

-Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը (AMWC) կկայանա մայիսի 31-ից հունիսի 2-ը: Այս համաժողովը կարևոր առաքելություն ունի` միավորել համայն աշխարհի հայ բժշկական ներուժը, զարգացնել հայրենիքի առողջապահական համակարգը: Առաջին համագումարը կայացել է Բեյրութում՝ 1974 թվականին, սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ: Համաժողովը կազմակերպվում է աշխարհի տարբեր երկրներում՝ 4 տարին մեկ անգամ:

Նկատել եմ, որ վերջին տարիների համագումարների ուղղվածությունը նորարարական մոտեցումներով դարձել է ավելի շատ գիտական` ծառայելով ոչ միայն մասնագետների կատարելագործմանը, այլև՝ ամբողջ աշխարհի հայկական առողջապահական համայնքի համար դառնում է ոլորտում միջազգային նորությունների, ձեռքբերումների և նորացված մոտեցումների տեղեկատվական հարթակ:

Բուենոս Այրեսում կայանալիք 12-րդ համագումարի նշանաբանն է` «Առողջությունը խթանելու, ինտեգրելու և նորամուծության մարտահրավերներ»:

Աշխարհի հայ բժիշկներին և բուժքույրերին կոչ եմ անում օգտվել ընձեռված հնարավորությունից և այցելել Բուենոս Այրես` լրացնելու գիտելիքները, փորձի փոխանակում կատարելու և համատեղ քննարկելու Հայաստանի առողջապահական համակարգի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Կարծում եմ՝ համաժողովը եզակի առիթ է հատկապես Հայաստանի բժիշկների համար՝ ծանոթանալու աշխարհի ճանաչված հայ բժիշկներին, նրանց հետ ոլորտին առնչվող հարցեր քննարկելու և հետագա համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչն էլ, հիրավի, կխթանի Հայաստանի առողջապահական ոլորտի առաջընթացին: Սա է համաժողովի հիմնական նշանակությունը:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

Հ.Գ.- Շնորհակալություն արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանին՝ հարցազրույցը կազմակերպելուն աջակցելու համար:

Scroll Up