Մայրենիի միջազգային օրը համշենցիները Ստամբուլում կերգեն հայերեն
Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Թուրքիայի համշենցիները Ստամբուլում կերգեն հայրենի բարբառով, այս մասին փոխանցմամբ՝ հայտնում է «Ակօսը»:
Այսօր՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, համշենական «Վովա» խումբը համշենական երգի երեկո կկազմակերպի Ստամբուլի ակումբներից մեկում:
Նշենք, որ «Վովա» խումբն իր առաջին մեծ ելույթն ունեցել է պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երեկոյի ընթացքում, որտեղ կատարել է հայերեն «Յար յար» երգը:
«Վովա» խմբի անդամները 2005թ.-ին թողարկված համանուն ալբոմի («Վովա» Համշենի բարբառով նշանակում է «Ով է»- tert.am) համար ձայնագրել են Համշենի բարբառով երգված 13 ժողովրդական երգ, որոնց մեծ մասը մինչ այդ մոռացված էր ու անծանոթ համշենցիների երիտասարդ սերնդին:
Ի դեպ, պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի – tert.am): Իսկ կրոնական և ազգային հալածանքների հետևանքով բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն հայերեն են խոսում մինչ օրս: