Շնորհավո՛ր տոնդ, իմ Մայր լեզու

Մայրենիի տոնը, իհարկե, զուռնադհոլային տոներից չէ: Սա մեր ոսկեղենիկ Մայրենին մեծարելու, փառաբանելու հոգևո՛ր տոն է: Նաև առիթ է՝ խոսելու նրա հարգի, կարգի ու վիճակի մասին:
Տխրությամբ եմ հիշում՝ տարիներ առաջ քաղաքի կենտրոնական փողոցներում խառնալեզու հսկա գովազդապաստառների շարքում իր պատվավոր տեղն ուներ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության հայատառ վահանակը, որը 1-ին կետով հիշեցնում էր՝ «ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է» և 2-րդ կետով հորդորում՝ «Անաղարտ պահենք մեր մայրենին»: Այսինքն՝ պետականորեն փաստվում էր, որ Մայր Հայրենիքում, ուրեմն, անտեսվում և աղավաղվում է Մայր լեզուն:
Չխորանանք պատմական ճշմարտությունների մեջ, թե՝ մեր լեզուն է մեզ հայ պահել, թե՝ մեր լեզվով ի՜նչ հարուստ ու շքեղ են հնչում Սուրբ Գիրքն էլ, Շեքսպիրն էլ, աշխարհի բազում դասականները՝ նույնպես: Ուղղակի փաստենք, որ մեր լեզուն այլևս չի փայլում իր գեղեցիկ հնչողությամբ, իր ճոխ բառապաշարով:
Ամեն Աստծո օր մենք աղավաղում, նվաստացնում, աղքատացնում ենք մեր լեզուն: Իհարկե, մենք այլասեր ենք: Կարևորում, սովորում ու սիրում ենք օտար լեզուներ, սակայն մոռանում ենք, որ Պետական լեզու լինելը իրավունք ու արտոնություն է տալիս առաջինն ու գլխավորը լինելու, այնինչ մեր պետական լեզուն մեր երկրում ո՛չ առաջինն է, ո՛չ գլխավորը: Լեզվի հանդեպ անհարգալից ու արհամարհական վերաբերմունքը ճչում է հեռուստաեթերներից, աղմկում է տպագիր մամուլում, կայքերում, շատ ու շատ պաշտոնյաների, պատգամավորների, նույնիսկ՝ մտավորականների ելույթներում:
Լեզվի կրող-փոխանցողը, պահող-պաշտպանողը, լեզվի հանդեպ սեր, հիացմունք ու հպարտություն սերմանողը նաև գրավոր խոսքն է: Ցավոք, գրավոր խոսքի, գրքի նկատմամբ հետաքրքրությունը հանգած է: Ազգային զարթոնքի օրերին հիացնող շատ բան կար: Ազգային մոռացված, բարձրարժեք կատեգորիաներին կարոտած՝ մեզ արդեն տեսնում էինք՝ քիչ էր մնում թե՝ ազգային տարազով, ազգային երգ ու պարին սիրահար, մայրենի քաղցրահունչ լեզվով գեղգեղալիս՝ պետական լեզուն՝ հայերեն, պաշտոնաթերթերը՝ հայերեն, ցուցանակները, ազդագրերը` հայերեն:
Հպարտության արժանի մեր լեզուն սիրո, խնամքի, պաշտպանության, գնահատանքի խնդիր ունի: Մենք ուղղակի պարտավոր ենք Տեր կանգնել Մայր լեզվին՝ ինչպես Մայր Հայրենիքին, Մայր ողին, Մայր բնությանը:
Վարդանանք նահատակվեցին, որ հայի աղոթքն առ Աստված հայերեն հնչի՝ Աստծո կողմից պարգևած լեզվով: Եվ այսօր հարկ է, որ մեզնից յուրաքանչյունրն իր հոգում, իր ներսում մի նոր Ավարայր տա: Մանավանդ՝ Վարդանանց նահատակների հիշատակի օրը նախորդում է Մայրենի լեզվի տոնին:
Հ.Գ. 2007-ին, երբ Հրանուշ Հակոբյանը ԱԺ պատգամավոր էր, իր հետ Մայրենիի տոնի առիթով հարցազրույցում հարց տվեցի՝ ,«Իսկ ինչպիսի՞ն է Ազգային Ժողովի լեզուն»: Ահա պատասխանը. «Շատ վատն է: Ես ժամանակին ԱԺ նախագահին առաջարկեցի ստեղծել երկու-երեք հոգանոց խումբ, որը հենց նիստերի դահլիճում հետևի մեր լեզվին, մեր յուրաքանչյուր սխալի, սայթաքման դեպքում մոտենա, ներկայացնի, բացատրի: Բացի բանավոր շտկումներից, նաև գրավոր ուղարկվի տվյալ պատգամավորին: Բանավոր խոսքում, բնական է, որ երբեմն սայթաքումներ լինում են, այդ պատճառով էլ ես գտնում եմ, որ պետք է հսկողություն իրականացվի»: Իսկ «Չե՞ք կարծում, որ ԱԺ-ում անհրաժեշտ է հայոց լեզվի ուսուցման դասընթացներ բացել» հումորով տված հարցիս պատասխանեց՝ «Այո՛: Նայած,թե հաջորդ Ազգային ժողովը մտավոր ինչպիսի՞ կարողություններ կունենա»:
Ժաննա Ղոչիկյան, լրագրող,
բանաստեղծուհի