Սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում. Բակո Սահակյան

Արցախում անցկացվող՝ Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու համար այսօր, ժամը 13:00-ին, տիկնոջ հետ, Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամաս է այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում, Բակո Սահակյանը նախ շնորհավորել է բոլորին՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:
«Փետրվարի 20-ը սկիզբ դրեց մեր ազգային-ազատագրական շարժմանը և պետականության վերակերտմանը: Այս տոնական օրը, ձեզ հետ միասին, մասնակցում ենք կարևորագույն և նշանակալի իրադարձության, ինչպիսին հանրաքվեն է: Մենք գտնում ենք, որ սա քայլ առաջ է մեր պետականաշինության գործում«,- ասել է Բ. Սահակյանը:
Անդրադառնալով անկախության 29 տարիների կատարված աշխատանքներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ անցած տարիները լավագույն ապացույցն են Արցախի անշեղ ճանապարհի համար:
«Այս միջոցառմամբ մենք մեկ անգամ ևս մեր հաստատակամությունն ենք ներկայացնում, մեր հավատարմությունն այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք այս երկար տարիների ընթացքում, և համոզված եմ, այն, ինչ տեղի է ունեցել ազգային-ազատագրական պայքարի շրջանում, մեզ գերությունից ազատվելու հնարավորություն է տվել, մեզ համար ստեղծել է բավականին բարենպաստ պայմաններ մեր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու համար»,- ասել է Բ. Սահակյանը և հավելել, որ Արցախը հաստատուն քայլերով ընթանում է դեպի բոլորի կողմից երազած ապագան: