Արգենտինահայ համայնքը նշեց ազգային և եկեղեցական տոները.տեսանյութ

Արգենտինայի Հայոց Թեմի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում թեմի երիտասարդական միության ջանքերով և  մեծ հանդիսավորությամբ տոնախմբվեց Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի, Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոները: Այս մասին «Հայերն այսօր»-ին  տեղեկացնում է Արգենտինայի Հայոց թեմի Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

 Նախ եկեղեցում կատարվեց նորապսակ զույգերի և երիտասարդների օրհնության կարգ, ապա հավատացյալների ուղեկցությամբ հոգևորականների թափորը դուրս եկավ եկեղեցու բակ`վառելու համար ավանդական խարույկը: Իրենց հրաշալի կատարումներով հանդես եկան «Մասիս» և «Նաիրի» պարախմբերը, ժողովրդական և ազգագրական երգերի սիրված կատարող Էդգարդո Սարյանը: Միջոցառմանը ներկա էին արգենտինահայ համայնքի տարբեր հաստատությունների և միությունների ղեկավարներ, անդամներ և հարյուրավոր հավատացյալներ: Ավանդական երգն ու պարը հնչեցնելով՝  բոլորը շուրջպար բռնեցին և միասնաբար շարունակեցին միջոցառումը մինչ ուշ երեկո: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ կերակուրի վաճառքից հանգանակված և տարվա ընթացքում մի քանի անհատների կողմից նվիրաբերված փոքրիկ գումարը ամռանը կնվիրաբերվի Տավուշի սահմանամերձ շրջանների զոհված որոշ զինծառայողների ընտանիքներին: Արարողության ընթացքում հավատացյալներին բաժանվեցին Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոներին նվիրված թերթոններ, իսկ նորապսակ զույգերին`հոգևոր գրականություն:

1  3

37

Scroll Up