«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինն աջակցում է հաշմանդամ ազատամարտիկներին

«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմնի նախաձեռնությամբ արդեն երեք տարի է, ինչ գործում է «Աջակցություն հաշմանդամ ազատամարտիկներին» ծրագիրը, որը կոչված է օժանդակելու արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են հիմնադրամից:

Ծրագիրը նախաձեռնել է արցախյան պատերազմի մասնակից Հրանտ Թումասյանը լինելով հաշմանդամ՝ ծանոթ է իր մարտական ընկերների խնդիրներին: Նա ԱՄՆ-ից համակարգում է մեքենաների ձեռքբերումը, դրանց համապատասխանեցումը պարանոցի, մեջքի խնդիրներ ունեցող եւ անդամալույծ ազատամարտիկների անհատական կարիքներին եւ առաքումը հայաստանցի ու արցախցի շահառուներին:
Առ այսօր ծրագրի շրջանակներում նվիրաբերվել է 15 ավտոմեքենա, ինչպես նաեւ էլեկտրական հատուկ մահճակալներ, անվասայլակներ, ներքնակներ, բարձեր, աթոռներ, թթվածնի բալոններ, մղիչ սարքեր եւ այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք քիչ թե շատ կթեթեւացնեն շահառուների կյանքը:
«Հայրենիքին անմնմացորդ նվիրումով ծառայած մեր հայրենակիցները պետք է լինեն ուշադրության կենտրոնում եւ շարունակեն իրենց բնականոն կյանքը: Հենց այս նպատակին է ծառայում մեր ձեռնարկը»,- ասում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանը եւ տեղեկացնում, որ 2017թ.-ին մեքենաների նոր խմբաքանակ կներկրվի Հայաստան:

%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b42%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b41

Scroll Up