ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քափանդիին

Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քափանդիին:
Հանդիպման ընթացքում Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-քուվեյթական հարաբերությունների ամրապնդման գործում ցուցաբերած ակտիվության համար՝ նշելով, որ դեսպանը կարևոր դերակատարում ունեցավ Հայաստան ժամանած սիրիահայերի հիմնախնդիրների կարգավորման գործում և դարձավ հավատարիմ ու վստահելի գործընկեր, բարեկամ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սիրիահայերի հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված գործում ներդրած ավանդի համար դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քափանդիին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով:
Դեսպանն իր խոսքում նշեց, որ իր համար անակնկալ էր նման պարգևին ու գնահատանքին արժանանալը: Բասսամ Մուհամմադ Ալ-Քափանդիին շնորհակալություն հայտնեց նման ջերմ ընդունելության և իրենց աշխատանքները արժևորելու համար: Որպես իրագործված բարեգործական ծրագրերի և նախաձեռնությունների արդյունք՝ դեսպանը հուշամեդալը կհանձնի Քուվեյթի էմիրին: