ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր՝ ամերիկահայ ուսուցիչներին

Փետրվարի 1-ին Գլենդելում գործող «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կազմակերպել էր ամենամյա «Գնահատանքի երեկո» միջոցառումը, որին ներկա էին Գլենդելի քաղաքապետ Պաուլա Դևինը, կրթական խորհրդի, Գլենդելի, Բրբանքի և Լոս Անջելեսի քաղաքապետարանների անդամներ, ամերիկյան դպրոցների տնօրեններ, պատասխանատուներ, կրթական հաստատության ուսուցիչներ, ծնողներ, համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, շուրջ ՝ 220 մարդ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը,  միջոցառումը սկսվել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերով: Այնուհետև բացման հանդիսավոր խոսք է ասել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը:

«Գնահատանքի երեկո»-ին պարգևատրվում են նախորդ տարում իրենց կատարած աշխատանքով աչքի ընկած ուսուցիչները: Օֆելյա Ծատուրյանը կարևորելով ուսուցիչներին նման ուշադրության արժանացնելը՝ վստահեցնում է, որ նրանք քաջալերվում են շատ և աշխատանքի հանդեպ առավել պատասխանատու դառնում:

Ուսուցիչներին պարգևատրելու գործում համագործակցում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Այս տարի նախարարության շնորհակալագրեր են հանձնվել ուսուցչուհիներ Գայանե Ստեփանյանին, Նայրի Քեշմեշյանին, Ալիսա Խաչատրյանին, Աննա Սինանյանին ու Սոնա Մանուկյանին:

«Գնահատանքի երեկոյին» ցուցադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը:

«Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կողմից երեկոյի ընթացքում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների, հայապահպանության, բեղնավոր գործունեության և ձեռքբերումների համար մեծարվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ հաստատության հետ երկար տարիների համագործակցության և նվիրվածության համար գնահատագիր է ստացել ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

«Տարվա դաստիարակ» անվանակարգում մրցանակ է ստացել Գլենդելի դպրոցների վերահսկիչ Վայնֆրեդ Ռեբերսոնը, «Տարվա դպրոց» անվանակարգում՝ Գլենդելի «Ջոն Մուր» տարրական դպրոցը, «Տարվա մարդ» է ճանաչվել «AABC» հեռուստաընկերության տնօրեն Վրեժ Աղաջանյանը:

Գավառի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանին շնորհակալագիր է տրվել, ով այժմ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գործուղվել է ԱՄՆ՝ ուսուցիչների հետ հայոց լեզվի վերապատրաստման դասընթացներ  անցկացնելու:

Գլենդելի դպրոցների վերահսկիչ կառույցի և կրթական խորհրդի կողմից գնահատագիր է ստացել նաև Վահիկ Ծատուրյանը:

Գևորգ Չիչյան

1113 14

12

 

 

Scroll Up