Այո՛, ընդունում եմ, բայց շատ բան չգիտեմ դրա մասին. թուրք երիտասարդը Հայոց ցեղասպանության մասին

Իզմիրցի լուսանկարիչ 22-ամյա Բեքիր Արմե Օգյուտը Հայաստան է եկել «Կամրջելով պատմությունները» ծրագրի շրջանակներում, նախ եղել է Դիլիջանում, հետո՝ Երևանում:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայտնի հայերից էլ ճանաչում է Արտո Թունջբոյաջյանին, իսկ այն համալսարանում, որտեղ սովորում է, ազգությամբ հայ ընկեր ունի:
«Ես նաև ճանաչում եմ Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավորներին, սակայն նրանցով չեմ հետաքրքրվում, քանի որ քաղաքականությունն ինձ համար զզվելի է: Հայերի հետ շփվելու ոչ խնդիր չունեմ»,- ասաց նա:
Թուրք լուսանկարչի խոսքով՝ հիմա Հայաստանում է, քանի որ կարծում է, որ հայ և թուրք ժողովուրդների միջև պետք է հարաբերությունները լավանան: Նշեց, որ Թուրքիայում Հայաստանի մասին շատ քիչ են խոսում:
«Մենք չենք խոսում Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին, որովհետև թուրքերը չեն ցանկանում այն ընդունել: Ես չգիտեմ դրա մասին, ես դրանով հետաքրքրված չեմ, ես 22 տարեկան եմ և չեմ ցանկանում սպանել որևէ մեկին: Սա իմ գաղափարն է»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ թուրք երիտասարդը պատմեց, որ երբ ծնողներին ասաց, որ ցանկանում է դիմել ծրագրին և գալ Հայաստան, նրանք իրեն ասել են՝ շատ լավ, կարող ես գնալ:
Հարցին, թե ընդունո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, պատասխանեց․ «Այո՛, ընդունում եմ, բայց շատ բան չգիտեմ դրա մասին, գիտեմ այն, ինչ կա Վիկիպեդիայում: Չգիտեմ… ես չեմ ցանկանում այդ մասին խոսել, ես չունեմ ոչ մի տեղեկատվություն այդ մասին»: