Թուրքիայի մեջլիսի`Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորն ազատ է արձակվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/Osman.jpg)
Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Բայդեմիրը ձերբակալվել էր հունվարի 25-ին և տարվել դատարան`«Քրդստանի հասարակությունների միության» (KCK) գործով ցուցմունք տալու: Ազատ արձակվելուց հետո նա հայտարարել էր, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները իշխող կուսակցության կողմից սկսված պայքարն է երկրում սահմանադրական փոփոխությունների անցկացման համար: Ազատ են արձակվել նաև նույն գործի շրջանակում ձերբակալված մյուս պատգամավորները`Ահմեթ Յըլդըրըմը և Իմամ Թաշչըէրը: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: