Արցախի վարչապետը ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովվին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ ՏերՏիրատուր քահանա Սարդարյանին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետը բարձր է գնահատել հայ համայնքի ծավալած ազգանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել Արցախին օգնություն ցուցաբերելու համար:
«Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Այդ օգնությունը լոկ սոցիալական խնդիրների լուծում չէր, այն առավել ևս հոգեբանական մեծ աջակցություն էր ողջ արցախահայության համար»,- նշել է կառավարության ղեկավարը և Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին հանձնել կառավարության շնորհակալագիրը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Տեր Տիրատուրը վարչապետին ներկայացրել է իրենց առաքելության մասին և հավելել, որ Արցախի անապահով ընտանիքներին համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
Հավելենք, որ դեռ հունվարի 10-ին Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին ընդունել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Տեր հայրը նախարարին տեղեկացրել էր Արցախի անապահով ընտանիքներին իրենց ցուցաբերած 26 տոննա օգնության մասին, սննդի և հագուստեղենի տեսքով, հավելելով, որ այն շարունակական բնույթ է կրելու. «Սուրբ ծննդյան տոնի առիթով համայնքում կազմակերպեցինք հումանիտար օգնության ակցիա՝ Արցախի սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքների համար. բերել ենք 26 տոննա օգնություն, իսկ զինվորների համար ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին շատ կարճ ժամանակում մեր համայնքում, մշակութային միությունների հետ համատեղ՝ հավաքեցինք 12 հազար եվրո գումար, և այն ուղարկեցինք Արցախ: Այս նոր ակցիան արձագանքն է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման: Մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում մեր լուման ներդնել, որպեսզի ունենանաք առողջ, հզոր պետություն, խաղաղ երկինք»: