Յուրաքանչյուր հայի խնդիրը պետք է լինի Արցախի ամրապնդումը. Սերժ Սրապիոնյան
ՀՀ սփյուռքի նախարարությունը լրագրողների հետ համատեղ նախաձեռնել է 2017 թվականը նվիրել Արցախին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տվյալ գերատեսչության փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
«2016 թվականի հոկտեմբերի 22-24-ը տեղի ունեցավ լրագրողների համահայկական 8-րդ համագումարը, որի երկու օրն անցակցվեց Արցախում: Այդ ընթացքում լրագրողներն այցելեցին առաջնագծեր, ուղղակիորեն ականատես եղան այն կենցաղային պայմաններին, որում ապրում են զինվորները, և հենց լրագորղների հետ համագումարում միտք ծնվեց շարժում սկսել հանուն Արցախի», – նշեց Ս.Սրապիոնյանը:
Փոխնախարարը հատուկ ընդգծեց, որ յուրաքանչյուր հայի խնդիրը պետք է լինի Արցախի ամրապնդումը՝ թե´ ֆիզիկապես, թե´ բարոյապես, թե´ հոգեբանորեն: Իսկ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը ենթադրում է համախմբում հանուն Արցախի, ինչպես նաև պատասխանատվության ավելացում հայերի մոտ:
Նա նաև տեղեկացրեց, որ շարժումն արդարացրեց իրեն նրանով, որ տարբեր երկներից, նաև Հայաստանից շատերը դիմում են ՀՀ Սփյուռքի նախարարություն՝ Արցախի համար որևէ բանով օգտակար լինելու համար:
Որպես օրինակ բերեց այն, որ, «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժման մեկնարկելուն պես, հայտնի գործարարներ գրություններ էին ուղարկում իրենց գերատեսչություն՝ թե ի՞նչ տեսակ ներդրումներ կարելի է անել Արցախում և ո՞ր ոլորտներում: Այդ գրությունները Սփյուռքի նախարարությունն ուղարկում էր Հայաստանի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որը և զբաղվում է նման հարցումների համակարգմամբ:
Բացի այդ, շարժման շրջանակներում 2017 թվականի հունիս ամսին Արցախում անցկացվելու է «Քեզ համար, Արցախ» փառատոնը, որտեղ սփյուռքից ժամանելու են տարբեր երգչախմբեր:
Սերժ Սրապիոնյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ ծրագրի շրջանակում օրերս Արցախ է ուղարկվելու Գերմանիայի Բադեն-Վյութենբերգ նահանգի հայ համայքի կողմից 25 տոննա տարողությամբ հումանիտար օգնություն: Առանձնահատուկ նշեց Արմավիր մարզի, Ջրաշեն գյուղում բնակվող Սիրան Միսակյան անունով 80-ամյա կնոջն, ով ամեն ամիս Սփյուռքի նախարարության միջոցով ծանրոցներ է ուղարկում զինվորների:
Վերջում ավելացրեց, որ Միացյալ նահանգներից, Եվրոպայի մի շարք երկրներից հայ համայնքներն արդեն իսկ միացել են շարժմանը:
Աղբյուրը՝ aysor.am