«Հայաստան» հիմանադրամի տնօրենը կոչ է անում միանալ «Դեպի Արցախ» խորագրով «Հեռուստամարաթոն 2013»-ին

«Հայաստան» համահայկական հիմանադրամը լիովին պատրաստ է նոյեմբերի 28-ին արդեն 16-րդ անգամ անկացվելիք «Դեպի Արցախ» խորագրով հեռուստամարաթոնին:
«Հեռուստամարաթոն 2013»-ին ընդառաջ «Արմենպրեսը» զրուցեց «Հայաստան» համահայկական հիմանադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ դրամահավաքի այս տարվա նպատակի, դրա կարևորության, մինչ դրամահավաքն անցկացվող միջոցառումների մասին, տեղեկացավ հիմնադրամի հաջորդ տարիների առաջնահերթություններին և գրանցեց նրա կոչը աշխարհասփյուռ հայերին:
– Հաշված օրեր են մնացել «Հեռուստամարաթոն 2013»-ի անցկացմանը, «Հայաստան» համահայկական հիմանադրամը պատրա՞ստ է հավուր պատշաճի այն իրականացնել և ո՞րն է այս տարվա հեռուստամարաթոնի առանձնահատկությունը, խորհուրդը:
– Հեռուստամարաթոնին մենք պատրաստվում ենք նախորդ մարաթոնն ավարտվելու հաջորդ իսկ օրվանից: Դրամահավաքի հետ կապված աշխատանքները պետք է բաժանել առնվազն երկու մասի. տեխնիկական բնույթի աշխատանքներ`հեռուստամարաթոնի որպես ծրագրի անցակացումն ու նյութերով ապահովումը, և երկրոդը դրամահավաքի մասն է: Մենք միշտ ասել ենք, որ հեռուստամարաթոնը սոսկ դրամահավաք-միջոցառում չէ, այն տարվա մեջ միակ օրն է, երբ մենք ամբողջ հայությանը ցուցադրում ենք, թե ինչ նորություններ կան Հայաստանում և Արցախում, ինչ աշխատանք ենք կատարել մեր հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ, ինչ ենք նախապատարաստվում անել տվյալ դրամահավաքի միջոցով: Այս տարվա հեռուստամարաթոնին տեխնիկական մասով հարյուր տոկոսով պատրաստ ենք, ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա գրեթե բոլոր` 25 տեղական մարմիններն այս պահին իրականացնում են տարբեր դրամահավաք-միջոցառումներ` սկսած ճաշկերույթներից մինչև հեռուստամարաթոն, հեռախոսային մարաթոն, ռադիոմարաթոն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը յուրահատուկ է նրանով, որ կիրառում է դրամահավաքի բոլոր հնարավոր ձևերը: Կարծում եմ, տեղյակ եք, որ արդեն երեք շաբաթ է, ինչ Հայաստանում մեկնարկել են sms հաղորդագրություններով և փոստային նվիրատվությունները: Մոսկվայում մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի նախագահների հանդիպումները մեր բարերարների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց մասին կզեկուցենք «Հեռուստամարաթոն 2013»-ի ժամանակ:
– Գիտենք, որ դրամահավաքի այս տարվա գումարներն ուղղվելու են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը, ի՞նչ կտա այն Հայաստանին ու Արցախին:
– Այս տարվա դրամահավաքի միջոցները նախատեսված են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման համար, որը կազմում է 115.5 կմ: Այն տնտեսական զարգացման լուրջ խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների համար, բացի դրանից` ճանապարհը կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Եվ, իհարկե, չլինելով քաղաքական կառույց` պետք է նշենք, որ այս ուղղությամբ հիմնադրամի գործունեությունն ունի քաղաքական նշանակություն ևս: Մայիսին, երբ հիմնադրամը հայտարարեց այս ծրագրի վերաբերյալ, այն բավականին լուրջ արձագանք ստացավ արտասահմանում, և դրսի լրատվամիջոցները հայտարարեցին, որ, ստանձնելով այս ծրագիրը, Հայաստանը կոշտացնում է իր բանակցային դիրքերը:
Համոզված եմ, որ այս տարի կկարողանանք ապահովել լուրջ մասնակցություն, քանի որ նշված ճանապարհի կառուցումը Գորիս- Ստեփանակերտ ծրագրից հետո կարևորներից է հիմնադրամի համար: Ինչպես նշել ենք, 30 միլիոն դոլար է անհրաժեշտ ճանապարհի կառուցման համար, և չեմ կարող ասել` ի վիճակի կլինե՞նք ամբողջ գումարը հավաքել, թե ոչ: Բայց դա չէ կարևորը, եթե մեկ տարում չհավաքենք, կանենք երկու տարում: Կարևորը ծրագիրն է, որն ընտրված է, և մենք հավաքական ջանքերով այն կիրականցնենք:
– Արդեն որոշվա՞ծ է «Հեռուստամարաթոն 2013»-ի կարգախոսը, ինչպես նաև երգը, որը կոգևորի աշխարհասփյուռ հայերին` հանգանակություններ կատարելիս:
– Կարգախոս, որպես այդպիսին, չկա, մենք ընտրել են «Դեպի Արցախ» խորագիրը:
Ծրագիրն այնքան կարևոր է ինքնին, որ կարգախոս կամ որևէ այլ տեղեկատվություն պետք չի լինելու, քանզի համոզված եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, քարտեզի վրա տեսնելով, թե ինչպես է անցնում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, կհասկանան դրա կարևորությունը: Ինչ վերաբերում է երգին, ապա պետք է ասեմ, որ այս տարի երգ չի լինելու: Մենք ոչ թե ամեն տարի ենք երգ ընտրում, այլ այն ժամանակ, երբ կա լավ երգ: Այս տարի, ցավոք, չունենք այդ լավ երգը: Բայց չպետք է մոռանալ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ունի 7 երգ, որոնք հեռարձակվելու են մարաթոնի ժամանակ: Մենք դիմել են Հայաստանում և սփյուռքում գտնվող մեր երաժիշտներին, որ նրանք մեզ տրամադրեն իրենց լավագույն տեսահոլովակները, որոնք կհեռարձակենք հեռուստամարաթոնի ժամանակ, կլինեն նաև պրեմիերաներ:
– Արդեն խոսեցիք մինչ հեռուստամարաթոնը իրականացվող դրամահավաք-ճաշկերույթների, հեռախոսային մարաթոնների, տարատեսակ միջոցառումների մասին, որոնց օգնությամբ միջոցներ են հավաքվում: Դատելով ակտիվությունից` ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք հեռուստամարաթոնին մասնակցության առնչությամբ:
– Այս10 տարվա ընթացքում նկատում ենք, որ լրատվամիջները կենտրոնանում են միայն հեռուստամարաթոնի արդյունքում գոյացած արժեքի վրա` չխոսելով մասնակցության մասին` չնայած մենք անընդհատ նշում ենք մասնակիցների թվաքանակի կարևորությունը: Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ ծրագրին մասնակցի, օրինակ, 200 հազար հայ, քան երեք հայ, ովքեր կտրամադրեն ողջ գումարը: Մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք ապահովել մասնակիցների կայուն աճ: Իհարկե, կան նաև անհատներ, ովքեր մեծ գումարներ են նվիրաբերում, բայց ամեն տարի չենք կարող նրանցից նմանատիպ գումար ակնկալել: Օրինակ, 2009 թվականին Սամվել Կարապետյանը խոստացավ 15 միլիոն դոլար Ստեփանակերտի հիվանդանոցի համար, որը մի քանի ամիս առաջ հանդիսավոր կերպով բացվեց: Ասել, որ նա նորից հաջորդ տարի պետք է այդքան գումար հատկացներ, սխալ կլիներ: Այս տարվա համար կարող եմ ասել, որ ունենք շատ մասնակիցներ, և մեր դրամահավաքները ցույց են տալիս, որ մարդկանց մեջ կա մեծ ակտիվություն, սակայն գումարային առումով չգիտեմ` ինչպես կլինի: Ուզում եմ հիշեցնել, որ «Հայաստան» համահայկական հիմանադրամը մի օղակ է, որի միջոցով հատկացվող գումարները փոխանցվում են հասցեատիրոջը:
– Անցյալ տարի առաջարկություն եղավ իրականացնել արտահերթ դրամահավաք, որը կուղղվեր սիրիահայերի կարիքների բավարարմանը: Որոշվեց հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարի 10 տոկոսը նվիրաբերել նրանց: Այս տարի նախատեսվո՞ւմ է որոշակի միջոցների հատկացում սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:
– Մայիսին հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ որոշվել է, որ այս տարի գումարը հավաքում ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման համար: Ուզում եմ` բոլորը հստակ իմանան, որ որոշումները կայացվում են խորհրդի կողմից, որում ավելի շատ սփյուռքի ներկայացուցիչներ են ներգրավված, քան Հայաստանից և Արցախից, և որոշումը, որը կայացնում է խորհուրդը, ես կարող եմ համարել սփյուռքի որոշում: Այդ որոշման մեջ սիրիահայությանն աջակցություն տրամադրելը չի նշվել որպես խնդիր: Կարծում եմ` կլինեն հիմնադրամի տեղական մարմիններ, որոնք իրենց հավաքած գումարի ինչ-որ մասը սիրիահայերին ուղղելու որոշում կկայացնեն:
Այս խնդիրը շատ հետաքրքրական է այն իմաստով, որ, երբ անցյալ տարի որոշվեց հանգանակության 10 տոկոսը նվիրաբերել սիրիահայերին, ես ակնալում էի նվիրատվությունների աճ, բայց աճ չգրանցվեց: Նույնիսկ կարող եմ ասել, որ եղել են շատ զանգեր, երբ մարդիկ հատուկ նշել են, որ իրենք ցանկանում իրենց գումարն ուղղել համայնքային կենտրոնների կառուցման ծրագրին: Երբ առաջացավ սիրիահայերին օգնության անհրաժեշտությունը, մենք տեղեկացրինք, որ բացվել է սիրիահայերին օգնության հաշվեհամար, և կոչով դիմեցինք բոլոր աջակցել ցանկացողներին: Բայց այդ դեպքում ևս, ցավոք, լուրջ մասնակցություն չգրանցվեց: Շատ մարդիկ ասում են, որ պետք է օգնել, ես դիմում եմ այդ մարդկանց` հարցը խոսելով լուծում չի ստանա, տվեք այդ գումարը, և մենք մեծ հաճույքով կուղղենք այն սիրիահայերի հիմնախնդրիների լուծմանը: Պետք է գումարներ գոյանան, որ մենք օգնենք նրանց: Ես կրկին դիմում եմ մեր հայրենակիցներին, որ եթե ցանկանում են օգնել, մեր դռները միշտ բաց են, փոխանցեք գումարը` նշելով, որ ուղղում եք այն սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրին, և մենք, խորհրդակցեով սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի հետ, կտրամադրենք այն նրանց կարիքների բավարարմանը: Նախորդ տարիներին բավականին ծրագրեր ենք իրականցրել` սիրիահայերի հուղարկավորության ծախսերից, սրտի վիրահատություններից մինչև ուսանողների ուսման վարձերի փոխհատուցում: Կանխիկ գումար ենք ուղարկել Սիրիա, որ հայկական դպրոցների ուսուցիչների վճարումներն իրակացվեն: Պատերազմի սկզբում ֆինանսավորել ենք երկու ինքնաթիռով Սիրիայից Հայաստան սիրիահայերի տեխափոխումը, որի գումարը տրամադրել էին
Վահագն Հովնանյանը և Արա Աբրահամյանը:
– Հետադարձ հայացք գցելով հիմնադրամի գործունեությանը` հասկանում ենք, որ բավականին աշխատանք է կատարվել մեր հայրենակիցների ջանքերով, որո՞նք են լինելու հաջորդ տարիների մեր առաջնահերությունները:
– Այդ հարցին պատասխանելով` միշտ ասում եմ, որ Աստված տա` գա մի օր, որ այլևս չունենանք խնդիրներ: Տեսնելով աշխարհի անգամ հարուստ երկրների փորձը`գիտակցում եմ, որ խնդիրներն անսպառ են: Օրինակ, ԱՄՆ-ում այսօր գոյություն ունեն հազարավոր կազմակերպությունենր, որոնք իրականացնում են նմանատիպ դրամահավաքներ: Մի կազմակերպություն կա, որը գումար է հավաքում
Ամերիկայի բանակում ծառայողներին սննդամթերքով ապահովելու համար: Կարծես խոսքը հարուստ երկրի մասին է, բայց արի ու տես, որ այդ երկրում ևս կան ֆինանսական խնդիրներ: Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ խնդիրներ, բայց այստեղ խոսքն այն մասին պետք է լինի, թե ինչ տիպի խնդիրներ հետագայում կլուծի հիմնադրամը: Հուսով եմ, որ տարիների ընթացքում մենք կհասնենք այն մակարդակին, որ կլուծենք զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման ծրագրեր:
Այսինքն` մոտակա 5-10 տարում կկարողանանք ավարտին հասցնել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը և անցնել զարգացման ծրագրերին:
Վերջում կցանկանամ կոչով դիմել մեր հայրենակիցներին ու հիշեցնել, որ հեռուստամարաթոնը մի առիթ է յուրաքանչյուր հայի համար` մասնակցելու սեփական երկրի զարգացմանը:
Տարին մեկ-երկու անգամ քեզ ինչ-որ բանից զրկելով` դու կարող ես գումարը ուղղել մարդկանց օգնելուն: Բարեգործությունը մարդկային արժեքներից ամենակարևորն է, և բարեգործը չի կարող երբեք չար մարդ լինել: Ցանակցած մարդ, ով նվիրատվություն է անում, այդ օրը շատ հանգիստ է քնում` հասկանալով, որ կատարել է բարի գործ: Ես կոչ եմ անում, որ ինչ-որ բանով օգուտ բերենք մեր երկրի զարգացմանը, և համատեղ կառուցենք Հայաստանի և Արցախի համար կարևոր նշանակության Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը:
1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմանադրամ` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր հայերին: Հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրներում: Գործունեության ողջ ընթացքում Հիմնադրամի միջոցներով կառուցվել է ավելի քան 476 կմ ճանապարհ Հայաստամում և Արցախում, 517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 70 կմ էլեկտրական հոսանքի գիծ: Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց և մանկապարտեզ: Կառուցվել ու վերակառուցվել է 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն: Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային և գիտական ծրագիր: