Հալեպի Մուշիե շրջանում ռումբի պայթյունից հայ է մահացել

Հալեպի Մուշիե շրջանում ռումբի պայթյունը 15 մարդու կյանք է խլել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, տեղում մահացել է նաեւ հայազգի 1966 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը: Դեպքը եղել է նոյեմբերի 14-ի առավոտյան:

Վերջին օրերի ընթացքում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ևս ակտիվացել են պայթյուններն ու
ռմբակոծությունները` անհանգստության ու լարվածության նոր ալիք առաջացնելով հայաշատ
շրջաններում: Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռներ էին ընկել Բաբ Թումա թաղամասում գտնվող Սբ Սարգիս եկեղեցուն կից Սուրբ Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի էր ունեցել աշակերտների` դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտ` Հովհաննես Աթոքամյանը,Վանեսսա Միխո Պետրոսը, մյուսները` արաբ աշակերտներ էին եւ ավտոբուսի վարորդը: Շուրջ տասը վիրավոր տեղափոխվել էր հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ էր տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը: Բաբ Թումա թաղամասում նոյեմբերի 13-ին հրթիռ է ընկել Հայ Կաթողիկե ճեմարանի վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Ճեմարանը, բարեբախտաբար, փակ էր` ի նշան նոյեմբերի 11-ին Սուրբ Թարգմանչաց ճեմարանի դժբախտության մեջ ընկածների հանդեպ հարգանքի: Բաբ Թումա թաղամասում ռումբի բեկորից հայ էր վիրավորվել` Սիմոն Թելյանը:

http://armenpress.am

Scroll Up