Աջակցություն Պետրոս Ադամյանի անվան թատրոնին

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոնը մեր հնագույն թատրոնն է՝ ստեղծված 1858 թվականին: Այն նաև միակ հայկական պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանի կառավարությունը միշտ էլ իր ուշադրության կենտրոնում է պահել այս թատրոնը. արդեն մեկ անգամ, տեղի ունեցած պայթյունից հետո, իրականացրել է որոշակի վերանորոգչական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի  ՀՀ պետբյուջեից թատրոնին տրամադրվում է որոշակի գումար աշխատավարձերի հավելումներ կատարելու համար:

Օրերս ՀՀ Սփյուռքի և մշակույթի նախարարությունների, Հայաստանի թատերական գործիչների միության, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում որոշվեց ՀԹԳՄ միջոցով թատրոնին փոխանցվող 10 մլն ՀՀ դրամը նպատակաուղղել ոչ թե սոցիալական խնդիրների լուծմանը, այլ ստեղծագործական նոր ծրագրերի և նախագծերի իրականացմանը: Ինչպես նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, տրամադրվող ֆինանսական միջոցները հնարավորություն կտան թատրոնին ընդլայնելու իր խաղացանկային հետաքրքրությունները, կյանքի կոչելու նոր ու ինքնատիպ բեմադրություններ, իրականացնելու համատեղ բեմադրություններ հայաստանյան բեմադրիչների և դերասանների հետ: Այսպիսով կձևավորվեն ստեղծագործական նոր կապեր, Թբիլիսիի հայկական թատրոնը գործուն կերպով կներգրավվի հայաստանյան թատերական իրաղություններում, կապը հայրենիքի հետ կդառնա իրական: Վերջին տարիներին հատկապես մեր հնագույն թատրոնը հայտնվել է բարդ իրավիճակներում, թատրոնի շենքի անմխիթար վիճակը, Վրաստանում իրականացված հակահայ քաղաքականությունը զրկել են թատրոնին գործունեության լայն հնարավորություններից, նվազեցրել կապը հայկական դպրոցների հետ, բուն Թբիլիսիում դժվարին դարձրել ներկայացումների կազմակերպումը: Ահա ինչու նոր նախաձեռնությունը կարող է խթան հանդիսանալ, Թբիլիսի բերել ժամանակակից հայ բեմադրիչների, առիթ տալ թատրոնին հաճախակի իր ներկայացումներով հանդես գալու հայրենիքում, ինչպես նաև առավել սերտ դարձնել կապը վիրահայ համայնքների, մասնավորաբար Ջավախքի հայ բնակչության հետ:

Լ. Մութաֆյան                                                                     

Scroll Up