Հովհաննես Չեքիջյանն իր ծննդյան օրն անցկացրեց բեմում

Անվանի խմբավար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն իր ծննդյան օրը` դեկտեմբերի 23-ն անցկացրեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում` ղեկավարելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը: Մաեստրոյին ողջունելու և շնորհավորելու էին եկել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

ԱԺ նախագահի հրամանով` Հովհաննես Չեքիջյանը մշակույթի  ոլորտում մեծ ավանդի և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ պարգևատրվեց Ազգային ժողովի Պատվո մեդալով: «Ամեն տարի մենք այս օրը հավաքվում և շտապում ենք շնորհավորել մաեստրոյին: Մի քանի օր առաջ կառավարությունում հրավիրվել էր հոբելյանական հանձնաժողովի նիստ` մաեստրոյին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Մինչև մենք փորձում էինք արտահայտվել, մաեստրոն կրկին առջևում էր իր գաղափարներով և երազանքներով: Ինչքա~ն համարձակ մարդ է Չեքիջյանը: Նա վստահությամբ է ամեն ինչ ասում: Երբ ասում ենք Պետական կապելլա, պատկերացնում ենք Չեքիջյանին, և հակառակը: Մենք չենք կարող չասել, որ երգչախմբի կատարումները իսկապես գերազանց են և անզուգական: Շատ երգչախմբեր ունենք, շատերն էլ կստեղծվեն, սակայն Չեքիջյանինը մշտապես կունենա իր ուրույն տեղը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Շնորհավորելով Հովհաննես Չեքիջյանին հոբելյանի կապակցությամբ` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն ընդգծեց, որ 2014 թվականից բուհում կշնորհվի Չեքիջյանի անվան կրթաթոշակ լավագույն խմբավար-ուսանողին:

«Մեծ հպարտություն է և մեծ պատիվ ինձ համար: Մեծ հպարտությամբ ընդունեցի այս մեդալը: Շնորհակալությունս եմ հայտնում այս պարգևի համար: Վարչապետն ամեն ինչ անում է, որ իմ հոբելյանական տարին լավ անցնի, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Թույլ տվեք այս ամենին պատասխանել իմ երաժշտությամբ և հանձնել իմ քննությունը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` համերգից առաջ նշեց Հովհաննես Չեքիջյանը: Մաեստրոն իր 85-ամյա հոբելյանին նվիրված համերգի ընթացքում հնչեցրեց Ջուզեպպե Վերդիի ստեղծագործությունները:

Նրան իրենց ելույթներով շնորհավորեցին մենակատարներ Բարսեղ Թումանյանը, Իրինա Զաքյանը, Պերճ Քարազյանը, Սոնա Մովսեսյանը, Մանուշ Հարությունյանը, Սարգիս Աղամալյանը, Պողոս Բեազբեկյանը, Զոհրաբ Զոհրաբյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 20-ին, կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Նիստում նշվել է, որ 2014-ին կշարունակեն տոնել մեծանուն արվեստագետի հոբելյանը:

Անվանի խմբավար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Մ.Խորենացու մեդալակիր Հովհաննես Չեքիջյանը ծնվել Է Ստամբուլում, ավարտել տեղի կոնսերվատորիան: Կատարելագործվելով Փարիզի «Էքոլ նորմալ դը մյուզիք»-ում` ավարտել Է նաեւ Ստամբուլի կոնսերվատորիայի բարձրագույն բաժինը: Իր ստեծագործական ուղին Չեքիջյանը սկսել Է Ստամբուլից. ղեկավարել Է տեղի սիմֆոնիկ նվագախումբը, եղել օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: Ստամբուլում 1957 թվականին նա նաև հիմնել Է «Չեքիջյան» հայկական երգչախումբը: 1961 թվականից տեղափոխվելով Խորհրդային Հայաստան` Չեքիջյանը ստանձնել Է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ աշխարհին ներկայացնելով հայ երգի անկրկնելի ուժն ու հմայքը: Անվանի մաեստրոն որոշ ժամանակ ղեկավարել եւ տնօրինել Է նաեւ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: 1975 թվականից պրոֆեսոր Հ.Չեքիջյանը դասախոսում Է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին: Անվանի խմբավարը համերգային շրջագայություններով հանդես Է եկել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, արտասահմանյան մի շարք երկրներում: Չեքիջյանը հեղինակ Է նաև մի շարք վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների:

 http://armenpress.am

Scroll Up