Էստոնայի հայ համայնքը միանում է ՀՀ սփյուռքի նախարարության շարժմանը

Դեկտեմբերի 9-ին Տալլինի Ս. Նիկոլաս Եկեղեցում տեղի է ունեցել Էստոնայի հայ համայնքի կողմից կազմակերպված համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի գլխավորությամբ, միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը՝ լուսանկարվելով համապատասխան պաստառներով, հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Հայերը Էստոնիայում բնակություն են հաստատել 19-րդ դարից։ Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները։ Այստեղ տարբեր ժամանակներում ուսանել են Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և այլք։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Էստոնիայում մշտական բնակություն են հաստատել հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված և Էստոնիայում գերմանական գերության մեջ եղած, ինչպես նաև խորհրդային բանակից զորացրված հայեր։ Հետագա տարիներին (Էստոնիայում խորհրդային իշխանության ժամանակաշրջանում) այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ։ 1989-ի մարդահամարի տվյալներով՝ Էստոնիայում բնակվել է 1600 հայ։

2009-ի տվյալներով հայերի թիվը երկրում շուրջ 3 հազար է։ Բնակվում են հիմնականում Տալլինում և Տարտուում, սակավ թվով՝ Նարվայում, Պյառնուում, Կոհտլա Յարվեում և այլն։ Հայերի մեջ մեծ թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ։

1 2

Scroll Up