Գրքի ցուցահանդես –վաճառք` նվիրված Նոր Ջուղայի Ս.Ամենափրկիչ վանքի «Ս.Ներսես Շնորհալի» գրադարան- մատենադարանի հիմնադրման 110-ամյակին

Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Քանանյան» իգական եւ Կատարինյան արական միջնակարգ (ավագ) դպրոցների տնօրինությունների եւ Ծնողական Խորհուրդների նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը կրթահամալիրի կենտրոնական դահլիճում հերթական անգամ կազմակերպվել է գրքի ցուցահանդես-վաճառք:
Ցուցահանդեսը այս տարի նվիրված է Ն. Ջուղայի Ս.Ամենափրկիչ վանքի «Ս.Ներսես Շնորհալի» գրադարան- մատենադարանի հիմնադրման եւ գործունեության 110-ամյակին: Պաշտոնական բացումը՝ նեկայությամբ հրավիրյալների, կատարեց Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ.Սիփան ծ.վրդ. Քեչեճյանը: Ներկաներին ողջունեց զույգ դպրոցների գրդարանավարուհի Կարին Տեր- Մարտիրոսյանը , որից հետո ամբիոնի մոտ հրավիրեց «Ս.Ներսես Շնորհալի» գրադարանավարուհի Վերգինե Միրզախանյանին, ով հակիրճ կերպով անդրադարձավ գրադարան- մատենադարանի պատմականին եւ ներկայում արդիական մեթոդներով կատարվող աշխատանքներին ու ծրագրերին, ինչպես նաեւ 110-ամյակին նվիրված իրականացված միջոցառումներին:
Հաջորդիվ «Քանանյան» իգական դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը, ողջունելով հյուրերի ներկայությունը, ներկայացրեց համայնքում գործող գրադարանավարներին ,այնուհետեւ զույգ դպրոցների տնօրինության եւ անձնակազմի անունից գնահատագրերով եւ հուշանվերներով պարգեւատրեցին Հայոց ազգ. «քանանյանե եւ« Կատարինյանե դպրոցների գրադարանի վարիչ` Կարին Տեր-մարտիրոսյանին,Ս.Ամենափրկիչ Վանքի «Ն. Շնորհալի» գրադարանի վարիչ Վերգինե Միրզախանյանին, Հայոց ազգ. «Արմեն» երկսեռ կրթահամալիրի գրդարանի վարիչ Աիդա Ալեքսանդրյանին եւ Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միության «Մ. Նալբանդյան» գրադարանի վարիչ Երանուշ Թահմազյանին: Գնահատագրերը եւ հուշանվերները հանձնեցին Հայր Սիփան Քեչեճյանը , զույգ դպրոցների պատասխանատուներ Ռիմա Սիմոնյանը եւ Ռուբեն Խաչիկ Գրիգորյանը:
Ի շարունակություն բացման հանդիսության՝ ներկաները հրավիրվեցին շրջելու ցուցահանդեսի տաղավարներով եւ ծանոթանալու ցուցահանդեսի բովանդակությանը, ուր ցուցադրված էին հայերեն, անգլերեն եւ պարսկերեն գրքեր, գրենական պիտույքներ ու մանկական մտային խաղեր, իսկ դահլիճի կենտրոնում առանձին ցուցահանդեսով իր ներկայությունն ուներ` «Ս. Ներսես շնորհալ»ի գրադարանը, որտեղ ցուցադրված էին վերջին տարիներում Հայաստանում եւ Իրանում հրատարակված մի շարք գրքեր:
Ընթացքում ծնողական խորհուրդի եւ աշակերտուհիների միջոցով տեղի ունեցավ համեստ ընդունելություն:
Միջոցառումներ առընթեր ցուցահանդեսի
Ցուցահանդեսի ծիրում նոյեմբերի 26-ի առավոտյան տեղի ունեցավ «Ընթերցանության պակասը հասարակության մեջ» խորագրով դասախոսություն, որով հանդես եկավ Շահինշահր քաղաքի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ.վրդ.Գուճանյանը եւ չորեքշաբթի` նոյեմբերի 30-ի առավոտյան, կայացավ գիտելիքների մրցույթ` զույգ դպրոցների 7-րդ դասարանի աշակերտուհիների մասնակցությամբ:
Կարեւոր է նշել նաեւ, որ Ծնողական խորհուրդը ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներում, վաճառքին և առընթեր միջոցառումներում իրենց ամենօրյա ներկայությամբ, պատասխանատուների հետ միասին լծվեցին աշխատանքի եւ իրականացրեցին նման գեղեցիկ ցուցահանդես- վաճառք եւ առնչակից հետաքրքիր միջոցառումներ:
Երանուշ Թահմազյան,
Իրան- Նոր Ջուղա
Լուսանկարները ` հեղինակի եւ Արաքս Մինասյանի