Թոմ Հենքսը կոչ է արել մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին. տեսանյութ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն (COAF) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օսկարակիր դերասան Թոմ Հենքսի մասնակցությամբ տեսաուղերձը: Ճանաչված ամերիկացի դերասանն իր աջակցությունն է հայտնում  հիմնադրամի՝ դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք գալա երեկոյին:

Թոմ Հենքսը կոչ է անում բոլորին մասնակցել կարևոր նշանակություն ունեցող միջոցառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ ներկա գտնվել բարեգործական հավաքին:

«Սա հրաշալի առիթ է ձեր հայկական արմատներին վերադառնալու համար, իսկ եթե ազգությամբ հայ չեք, ուղղակի գնացեք գալա երեկոյին ու վայելեք այն: Աստված բոլորիս պահապան»,- տեսաուղերձը եզրափակել է Հենքսը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

Scroll Up