Լիբանանում ՀՀ դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել Բեյրութի ամերիկյան համալսարանում

Նոյեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Բեյրութի Ամերիկյան Համալսարանի (AUB) Հանրային քաղաքականության և միջազգային հարաբերությունների «Իսամ Ֆարես» ինստիտուտում հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողներին և դասախոսներին դեսպանը հակիրճ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունը, անդրադարձավ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, անմիջական հարևանների հետ հարաբերություններին, միջազգային հարթակում և ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը:

Մասնակիցների բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելություն նպատակը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունն ու Արևելյան գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները:

Քննարկման թեմա դարձան նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրներ:

Scroll Up