«Սա Հայաստան է և վերջ». այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արցախյան պատերազմի առաջին հրամանատարներից Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է:

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և, հատկապես, Վարդենիսի ինքնապաշտպանությունը:

Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Լեոնիդի հրամանատարությամբ Արցախում 27 բնակավայր է ազատագրվել: Նրան է պատկանում հետևյալ թևավոր խոսքը «Սա Հայաստան է և վերջ»:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին՝ նոյեմբերի 22-ին Թիֆլիսում։ 1947 – 1959 թթ. սովորել է Երևանի՝ Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Ազգալդյանը զոհվել է 1992 թ.-ի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով։

Scroll Up