Դեսպան Եգանյանը դասախոսությամբ հանդես եկավ Քվեբեք Սիթիի համալսարանում

Նոյեմբերի 6-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը դասախոսությամբ հանդես եկավ կանադական Քվեբեք Սիթիի Լավալ համալսարանում` ի նշանավորումն համալսարանի քաղաքական համակարգերի ուսումնասիրության կենտրոնի շրջանակներում Հայաստանի ուսումնասիրության խմբի ձեւավորման:

Իր դասախոսության շրջանակներում դեսպանը հակիրճ անդրադարձավ հայ ժողովրդի պատմության կարեւորագույն էջերին, ներկայացրեց հայ-կանադական երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ Հայաստանի հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: Դասախոսությանը հաջորդած հարց ու պատասխանի եւ կլոր սեղանի ընթացքում դեսպանը պատասխանեց նորաստեղծ խմբի ներկայացուցիչների, ինչպես նաեւ մյուս ներկաների հարցերին: Դեսպանը քննարկումներ ունեցավ նաեւ համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Ֆրանսուա Բլեյի եւ նորաստեղծ խմբի ղեկավար Ֆրանսուա-Պիեր Կարտոլանոյի հետ:

Քվեբեք Սիթի այցելության շրջանակներում դեսպանը այցելեց եւ ծաղկեպսակ տեղադրեց Կոմիտասին նվիրված հուշարձանին:

Հայաստանի ուսումնասիրության խմբի անդամների հետ քննարկվեցին Լավալ համալսարանի եւ հայկական ԲՈՒՀ-երի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up