Տեղի կունենա Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում (2-րդ հարկ) ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա պոլսահայ ժամանակակից լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Ըստ «Հայերն այսօր»-ի՝ կներկայացվեն աշխատանքներ Նուրան Աքքայայի հեղինակած «Հայեր» փաստագրական ալբոմից, որտեղ ամփոփված է լուսանկարչի 6 տարվա աշխատանքի արդյունքը։ Լուսանկարների առանցքում թրքահայ հասարակությունն է, նրա տարբեր խավերի ներկայացուցիչների դիմանկարները, հետքեր Պոլսից ու Անատոլիայից, Վանի Աղթամար կղզու Ս․ Խաչից ու Մուսա լեռան հայկական վերջին՝ Վաքըֆլի գյուղից, Կարսից ու Կեսարիայից։
Միաժամանակ տեղի կունենա Նուրան Աքքայայի «Հայեր» ալբոմի շնորհանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ սփյուռքի նախարարության, պոլսահայ լրագրող Սևան Աթաօղլուի համատեղ գործակցությամբ և Առաջին հիփոթեքային ընկերության հովանավորությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 27-ը:
Նուրան Աքքայան ծնվել է 1972-ին, Պոլսում: Լուսանկարչությամբ սկսել է հետաքրքրվել 1984 թվականից: Դպրոցական տարիներին մասնակցել է հավաքական ցուցանդեսների: 1992-ին նկարիչն ավարտել է «Մարմարա» համալսարանի կենսաբժշկական գործիքների արհեստագիտության բաժինը: 2006 և 2008 թվականներին Հալուք Չօպանօղլուի հետ մասնակցել է «Փաստագրական լուսանկար» աշխատանոցին: Ներկայում Նուրան Աքքայան ֆրանսիական բժշկական հաստատություններից մեկում աշխատում է՝ իբրև տեխնիկական սպասարկման բաժնի տնօրեն: