Շնորհակալությո´ւն Սփյուռքի նախարարությանը՝ այս կարևոր օժանդակության համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/122.jpg)
Ամեն տարի արգենտինահայ համայնքը մայրաքաղաք Բուենոս Այրեսում մեծ հանդիսությամբ տոնակատարում է «Buenos Aires Celebra Armenia» միջոցառումը: Հայ համայնքի համար սա կարևոր մի ձեռնարկ է, որտեղ հնարավոր է լինում ցուցադրելու մեր ազգային-մշակութային ավանդական բոլոր հնարավորությունները:
Այս անգամ նույնպես, համագաղութային այս կարևոր միջոցառմանը մասնակցեցին Արգենտինայի հայ համայնքի բոլոր հաստատություններն ու միությունները: Զանազան տիկնանց հանձնախմբերի կողմից կատարված մեծ աշխատանքի արդյունքում, կարողացանք հազարավոր արգենտինացիների ցանոթացնելու ավանդական հայկական ուտեստներին և անուշեղեններին, ազգային երգ ու պարին, որոնցով միշտ հիացել են տեղացիները:
Համայնքին զանազան պարախմբերի, երգիչ երգչուհիների, նվագախմբերի հետ միասին մասնակցություն ունեցավ նաև «Ժողովրդական Երգիչ» նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանը, ով Հայաստանի Հանրապետության Սփյուռքի Նախարարության օժանդակությամբ եկել էր իր մասնակցությունը բերելու: Հազարավոր հայորդիներ մեծ ուրախությամբ և հուզմունքով հետևեցին տաղանդավոր երիտասարդ երգիչ Գրիգոր Միրզոյանի կատարումներ, որը շատ մեծ խթան է սփյուռքում ապրող հայերիս համար:
Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ երիտասարդ երգիչը ելույթներ ունեցավ նաև Հ.Օ.Մ-ի հանգստայան տանը, «Հաճնի» հայրենակցական միության կողմից կազմակերպված ցերեկույթին, Հայ Կենտրոնի «Սիրանույշ» սրահում, ուր անմոռանալի միջոցառում կազմակերպվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Մարի Մանուկյան» վարժարանի աշակերտների համար, ինչպես նաև ելույթ ունեցավ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը այս կարևոր օժանդակության համար:
Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյան
Արգենտինայի Հայոց թեմի Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ