Որպեսզի ուսուցչին լսեն, նա պետք է հասկանա աշակերտներին

 «Ասում են` եթե  ուսուցչին սիրում ենուրեմն առարկան նույնպես  կսիրեն, բայց  ես  սիրած  առարկա  չունեմ»,- ուշադրությանս արժանացավ  12-րդ  դասարանի աշակերտուհի Արմինե  Կարապետյանի  այս արտահայտությունը:    Այդ    միտքը  շատ  անսովոր  էր ինձ  համար, որ դա ասում էր  մի աշակերտուհի, ով հայոց  լեզվի  դասերին միշտ  պատրաստ  էր ներկայանում  և   երբևէ նրա  կողմից  անտարբերության չի մատնվել  այդ  առարկան:

Իմ աշակերտներին տրված  հարցը, թե ինչպես  են տրամադրված  հայոց լեզվի նկատմամբ,  տարբեր  կարծիքների  արտահայտության առիթ  տվեց: Այս օրերին  դրանք  էի  ընթերցում, թե ինչպիսի վերաբերմունք ունեն առարկայի հանդեպ:  Ինքնահավանություն  չէի  ցանկանա որակվի իմ զգացողությունը, բայց  ինքնավստահ  էի, որ  պիտի  դրական կարծիքներ  լինեին: Եվ, իրոք,  յուրաքանչյուրի  խոսքում անկեղծություն կար, հարգալից վերաբերմունք   լեզվի  հանդեպ:

Սովորությանս համաձայն` սկզբում   թույլ  կարողությունների  տեր  աշակերտների  կարծիքներն   իմացա,  որից հետո անցա աչքաբաց  դպրոցականների  գրառումներին:  Յուրովի  տարբերվում էին մեկը մյուսից, բայց   ամեն մեկում   ընդհանուր  խոսք  կար, որ  առարկայի նկատմամբ սերը նաև  կապակցվում էր  դասավանդող  ուսուցչի հետ:  Սիրած  առարկա չունեցող  իմ  աշակերտուհու հաջորդ  տողերում  տեսա, որ  նա իր    պարտքն է  համարում`  միշտ  էլ  ուսումնասիրել  հայոց  լեզուն:

«Դարեր  շարունակ  հայ  ազգը  զավակներ, տարածքներ  է կորցրել, սակայն լեզուն մնացել  է անսասան:  Ես`  որպես  հայուհի, հարգանքով եմ վերաբերվում մեր  լեզվին  և  ուշադիր  եմ լինում այդ  դասաժամին:  Երևի  ուսուցչուհուս  հանդեպ  ունեցած  իմ հարգանքից է:  Ասում են`   եթե ուսուցչին  սիրում ու հարգում են, ուրեմն առարկան նույնպես  կսիրեն:  Ես սիրում և  հարգում եմ ուսուցչուհուս, մանավանդ  հանգստանում եմ, երբ նա  ընթերցում է մեզ համար  որևէ  ստեղծագործություն:  Կարծես դասարանի վրա  հանգստություն է իջնում, բոլորն ուշադիր լսում ենք  նրան:  Բայց որպեսզի  ուսուցչին լսեն, նա պետք  է  նաև  հասկանա աշակերտների  հոգեբանությունը:  Հենց այդպիսին  է  նա:  Մենք կարողանում ենք  ազատ  կիսվել նրա հետ`  չմտածելով, որ  նա մեզ կնախատի  կամ կվիրավորի:  Հենց  իրար հասկացված  այդպիսի դասն եմ  սիրում  և   համարում,  որ  դա  է իսկականը»:

Բայց   մի՞թե ես կարող  եմ այդ  «իսկականից»  այն կողմ անցնել…Այդ դասարանը  ես մտնում եմ  հոգու  խաղաղ մեղեդայնությամբ:   Այնտեղ ապրումներ կան անհանգիստ,  սիրառատ  դեմքեր, ժպիտների անսահմանություն կա, անկեղծ  խոստովանություն, այնտեղ ամբարված  հարգանք կա,  դեռահասության մի դժվար  տարիք:

Նատաշա  Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up